Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը, չսպասելով հարցի վերջնական լուծմանը եւ առաջնորդվելով իր ազգային շահերով, պարտավոր է այսօր եւեթ, որպես օրակարգի խնդիր, իրավահավասար հիմունքներով երկկողմանի քաղաքական եւ տնտեսական պայմանագրեր կնքել բոլոր միութենական հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների հետ։ Ինչ վերաբերում է միութենական պայմանագրին, ապա տեսանելի ապագայում այն թերեւս կարող է ընդունելի լինել միայն հետեւյալ պայմանների բավարարման դեպքում.

- Հայաստանի մասնակցությունն այդ պայմանագրին միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակով.

- հանրապետության տարածքում երկրորդ, այն է՝ միութենական Սահմանադրության եւ միասնական օրենսդրության կիրառության բացառումը։

Դժվար չէ կանխատեսել, որ միութենական պայմանագրի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկն էլ կլինի խորհրդային բանակի կարգավիճակի սահմանումը։ Ներկայումս համարյա բոլոր միութենական հանրապետություններում, այդ թվում նաեւ Ռուսաստանում, տիրապետող է դառնում ազգային զորամիավորումների ստեղծման գիտակցությունը՝ այդ ուղղությամբ որպես առաջին քայլ դիտելով յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչների զինծառայությունը սեփական հանրապետության տարածքում։ Հետագայում, ըստ երեւույթին, չի բացառվում խորհրդային կամ ռուսական բանակի ժամանակավոր ներկայությունը հանրապետություններում՝ միջազգային պայմանագրերով սահմանված ռազմական բազաների կարգավիճակով։

Արձանագրելով երկրի զարգացման օբյեկտիվ ընթացքով թելադրված այս գլխավոր միտումները՝ հարկ ենք համարում ընդգծել նաեւ, որ Միության եւ հանրապետությունների փոխադարձ պարտավորությունների նման արմատական վերանայումը կողմերից պահանջում է հանդես բերել պարտնյորային հարաբերությունների բարձր գիտակցականություն, մոտեցումների իրատեսություն, միայն ու միայն քաղաքական լուծումներ փնտրելու պատրաստակամություն՝ խուսափելով ուժային մեթոդներից, անցանկալի առճակատումներից ու հակասությունների անհարկի սրումից։