Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ թե ինչպիսի հանգրվաններով կիրականացվի ազգային անկախ պետականության վերականգնումը՝ դա արդեն կախված է ոչ թե առանձին անհատների քմահաճույքից կամ կուսակցությունների թելադրանքից, այլ կոնկրետ քաղաքական իրավիճակներում ժողովրդի կամքն արտահայտող ներկայացուցչական մարմնի՝ խորհրդարանի դիրքորոշումից, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ հանրաքվեի միջոցով կայացած համաժողովրդական վճռից։

Մի բան, սակայն, պարզ է, եւ դա ապացուցեց Լիտվայի օրինակը, որ անկախ պետականության վերականգնումը ոչ թե միաժամանակյա ակտ է, այլ միջոցառումների մի հսկայական համալիրի հետեւողական կենսագործման որոշակի տեւողություն պահանջող գործընթաց։

Սրանով մենք ընդհուպ մոտեցանք մեր երկրորդ սկզբունքային հարցադրմանը, այն է՝ հասարակության ո՞ր ուժերն են արդյոք ի վիճակի իրագործելու այդ միջոցառումները եւ ստեղծելու Հայաստանի ինքնուրույն, անկախ գոյության քաղաքական, տնտեսական, իրավական եւ հոգեւոր նախադրյալները։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ խորհրդային մյուս հանրապետությունների հետ ունեցած ընդհանրությունների կողքին Հայաստանն աչքի է ընկնում նաեւ որոշակի առանձնահատկություններով՝ կապված Արցախի խնդրի, գաղթականների ճակատագրի, աղետի գոտու վերականգնման եւ ռազմական ջոկատների առկայության հետեւանքով հանրապետության ներսում ստեղծված անկայուն իրավիճակի հետ, որ ավելի է բարդացնում Հայաստանի ապագա իշխանությունների պատմական առաքելությունը։

Ի տարբերություն անկախության կամ ինքնիշխանության ուղին բռնած Մերձբալթյան հանրապետությունների, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, Հայաստանում գործադիր իշխանության բոլոր լծակները դեռեւս գտնվում են կոմունիստական կուսակցության վերնախավի ձեռքում, որը, թվում է, առայժմ որեւէ մտադրություն չունի հրաժարվելու այդ իշխանությունից կամ այն կիսելու հանրապետությունում առաջացած նոր, դեմոկրատական ուժերի հետ՝ դրանով կիսելով նաեւ պատասխանատվությունը ժողովրդի առջեւ։ Փաստ՝ կոմկուսի ապարատի մղած կատաղի ընտրարշավը եւ ընթացիկ նստաշրջանում նրա ցուցաբերած հակաօրինական ու հակադեմոկրատական դիրքորոշումը, որի