լու պատասխանատվությունը հայ ժողովրդի ապագայի կերտման գործում, ապա նրանց մասին հարկ եմ համարում նշել հետեւյալը։
Վերակառուցման եւ հրապարակայնության քաղաքականության հռչակումից երկու-երեք տարի անց Խորհրդային Միության ժողովուրդները համոզվեցին, որ երկրի կուսակցական-տնտեսական բյուրոկրատիան ոչ միայն ի վիճակի չէ իրականացնելու ծրագրված քաղաքականությունը, այլեւ շարունակ խոչընդոտներ է հարուցում նույնիսկ վերից սահմանված չափավոր դեմոկրատիայի կենսագործման եւ տեղական ինքնավարության ընդլայնման երկչոտ փորձերի առջեւ։ Այդ իսկ պատճառով երկրի տարբեր վայրերում պաշտոնական իշխանությունների կողքին տարերայնորեն առաջացան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, միություններ եւ ընկերություններ, որոնք առանձին հանրապետություններում վերածվելով լայն սոցիալական շարժումների՝ դարձան եթե ոչ ընդդիմադիր, ապա առնվազն այլընտրական ժողովրդական իշխանություններ։ Եւ կարճ ժամանակի ընթացքում ժողովրդական այդ շարժումները հասարակության դեմոկրատացման եւ հանրապետությունների ինքնիշխանության ընդլայնման ուղղությամբ հասան շատ ավելի նշանակալից նվաճումների, քան կենտրոնական իշխանությունների ողորմածությամբ ձեռք էին բերված վերակառուցման շրջանի նախորդ երեք տարիներին։
Նման հուժկու սոցիալական շարժումներից էր նաեւ հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարը, որը հալածանքների դժվարագույն պայմաններում, անցած երկուսուկես տարիների ընթացքում արձանագրեց հետեւյալ շոշափելի նվաճումները.
- Հայաստանի Գերագույն խորհրդի 1988 թվականի հունիսի 15-ի եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումները Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին,
- Հայկական ատոմակայանի փակումը եւ «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորման աշխատանքի դադարեցման մասին ընդունված որոշումը,
-1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարտման մասին հրապարակված օրենքը,