- 1918 թվականի մայիսի 28-ը որպես Հայոց պետականության վերականգնման օր եւ Հայաստանի Հանրապետության Եռագույն դրոշը որպես ազգային խորհրդանիշ ճանաչելու որոշումը,
- մի շարք հասարակական կազմակերպությունների պաշտոնական ճանաչումը,
- Հայաստանի Սահմանադրության մեջ հանրապետության օրենքների գերակայությունն ապահովող 75-րդ հոդվածի ընդունումը,
- 1990 թվականի գարնանային զորակոչի ժամանակավոր կասեցումը,
- հայ երեխաներին պարտադիր հայեցի կրթություն տալու մասին հանրապետության ժողկրթության նախարարության ընդունած հրամանագիրը եւ այլն։
Թերեւս ավելորդ չէ հիշեցնել, որ ժողովրդական այդ շարժման ահռելի ջանքերի գնով են ձեռք բերված նաեւ հանրապետությունում հաստատված խոսքի, մամուլի, ցույցերի, միտինգների ազատությունը, համեմատաբար դեմոկրատական ընտրական օրենքի ընդունումը եւ ներկա խորհրդարանում տիրող բազմակարծությունը։
Թվարկված նվաճումներն էլ, ահա, հանդիսանում են այն ակնհայտ հավաստիքը, որ հանրապետության դեմոկրատական ուժերին հիմք է տալիս իշխանության համար մղվող սահմանադրական պայքարում հավակնելու ներկա խորհրդարանի եւ ողջ ժողովրդի վստահության քվեին։
Այսպիսով, եթե այսօր հանրապետությունում կա մի ուժ, որ ընդունակ է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից եւ կտրուկ շրջադարձ կատարել դեպի ազգային նպատակները, ապա դա Հայաստանի Գերագույն խորհրդի դեմոկրատական թեւն է, որն, ի դեպ, դեմոկրատական է ոչ միայն գաղափարախոսությամբ, այլեւ իր կազմով։ Նրանում ընդգրկված են մեր հասարակության համարյա բոլոր խավերի ներկայացուցիչները՝ բանվորներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ, կրտսեր գիտաշխատողներ, մտավորականներ եւ այլն, մինչդեռ խորհրդարանի այսպես կոչված «բանվորա-գյուղացիական» կոմունիստական կուսակցության ճակատը կազմված է բացառապես բարձր նոմենկլատուրայի ներկայացուցիչներից, որ, կարծում եմ, մեր ժողովրդին լուրջ խորհելու տեղիք պետք է տա։