Էջ:Ընտրանի.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժողովածուն կարելի էր կազմել նյութերի տարբեր դասակարգմամբ՝ ժանրային (ելույթներ, հարցազրույցներ, հոդվածներ եւ այլն), թեմատիկ (Շարժում, Լեռնային Ղարաբաղ, պետական շինարարություն, քաղաքական միտք եւ այլն)։ Ընտրեցինք, նման դեպքերում թերեւս ավելի քիչ հանդիպող, ժամանակագրական հաջորդականության սկզբունքը՝ հետեւյալ նկատառումով։ Հանրապետության Նախագահի թողած այս ժառանգությունն առաջին հերթին վավերագրեր են, մեր պատմության ամենադրամատիկ ու հիշարժան նորագույն շրջանի՝ 1988 թվականից սկսված աննախադեպ համաժողովրդական շարժման, անկախության ձեռքբերման, պետականության կայացման, Լեռնային Ղարաբաղի ազատագրման ժամանակաշրջանի պատմության համար ամենաբարձրակարգ ու հավաստի պատմական սկզբնաղբյուրներ։ Եւ, որպես այդպիսին, առավել կարեւոր են ոչ այնքան դրանց ժանրային կամ թեմատիկ հատկանիշները, որքան հենց ժամանակագրական հերթագայությունը։ Այսպիսի դասավորությունն ընթերցողին հնարավորություն է տալիս նորից վերապրել նորագույն շրջանի մեր այդ տասնամյա պատմության հեւքը եւ ամենօրյա ելեւէջները, համաժողովրդական կամքի եզակի դրսեւորումները, անհաղթահարելի թվացող դժվարությունների հաղթահարման ու անհավատալի թվացող հաղթանակների բերկրանքը, վերհիշել, շատերի կողմից գուցե մոռացված, երկրի նորօրյա պատմության, նույնիսկ սեփական կենսագրության բազմաթիվ էջեր։

Պարզ ընթերցողը կարող է մտնել անկանխատեսելիությամբ ու ալեբախումներով հարուստ այս շրջանի շուրջ տասնամյա ղեկավարի եւ առաջնորդի քաղաքական աշխատանոցը, տեսնել բազմաբնույթ, բազմազան ու բազմաթիվ խնդիրների հսկայական ներկապնակը, ժամանակի ալեկոծումները, պատկերացնել ջանքերի այն չափը, սառնասրտության ու համբերության այն պաշարը, գերմարդկային լարման ու նաեւ իմաստության այն աստիճանը, որ պետք է ունենար Հանրապետության Նախագահը՝ փոթորիկները հաղթահարելու, խութերը շրջանցելու, անելանելի իրավիճակներից ելք գտնելու, իրեն վստահված նավը խաղաղ նավահանգիստ հասցնելու համար։

Պատմաբան հետազոտողի համար այս կերպ հստակ ներկայանում է նույն շրջանի՝ կարեւորագույն իրադարձություններից, խնդիրներից եւ իրողություններից հյուսված տասնամյա պատմության իրական ողնաշարը։