Քաղաքագետի համար ավելի դյուրին է դառնում նկատել նույն այս տարիներին գործնական քաղաքականության հիմքում դրված սկզբունքների, հիմնադրույթների հետեւողականությունն ու անխաթարությունը, հետեւել դրված խնդիրների իրագործման, ծրագրերի իրականացման գործընթացին, տեսնել դրանց ներքին կուռ տրամաբանական կապը, իրադարձությունների միջով ձգվող հստակ առանցքային գծերը, հանգել օբյեկտիվ գնահատականների եւ հավաստի հետեւությունների։
Սույն հատորում ընդգրկված փաստաթղթերի մեծ մասը ժամանակին հրապարակվել է մամուլում։ Սակայն հրապարակումները միշտ չէ, որ զերծ են եղել,երբեմն անխուսափելի, հաճախ նաեւ անփութության հետեւանք հանդիսացող թերություններից։ Խոսքը վերաբերում է հատկապես այլ լեզուներից կատարված հայերեն թարգմանություններին։ Ուստի սույն հատորում հրապարակվող փաստաթղթերը, որոնց բնօրինակները՝ հիմք ձեռագիր կամ մեքենագիր տարբերակները, ելույթների ձայնագրությունները կամ տեսաֆիլմերը պահպանվել են Նախագահի արխիվում, համեմատվել են վերջիններիս հետ, դրանց օգնությամբ շտկվել վրիպումները, էականները՝ ծանոթագրվել տողատակում։ Օտարալեզու փաստաթղթերը, որոնք ժամանակին թարգմանվել եւ հրապարակվել են հայերենով, կրկին համեմատվել են բնագրի հետ, շտկվել են թարգմանական բնույթի թերությունները եւ բացթողումները, եթե դրանք մտքի կամ իմաստային փոփոխության են հանգեցրել՝ ծանոթագրվել են։ Ժամանակին հայերեն չթարգմանված կամ վատորակ թարգմանության դեպքում, օտարալեզու նյութերը նորից են թարգմանվել սույն հրատարակության համար։
Բանավոր ելույթների հրապարակումից առաջ հեղինակը սովորաբար նախապես խմբագրել է տեքստը, ինչի մասին հրապարակման վերջում ծանուցվել է։ Նման դեպքերում, եթե պահպանվել է բանավոր ելույթի սղագրության այն օրինակը, որի վրա մինչեւ հրապարակվելը աշխատել է հեղինակը, ապա համեմատությունը կատարվել է այդ օրինակի հետ։ Սակայն միշտ չէ, որ հեղինակը հնարավորություն է ունեցել բանավոր ելույթների սղագրական տեքստերը խմբագրել, եւ թերթերի հրապարակումները կատարվել են անմիջապես ձայնագրությունից՝ սեփական վերծանության հիման վրա։ այսպիսի դեպքերում հրապարակումների բնագրերը համեմատել ենք ԳԽ նիստերի պաշտոնական սղագրությունների հետ, եթե այդպիսիք