ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
― Պարոն Տեր-Պետրոսյան, չխախտելով ավանդույթը, սկզբում անդրաառնանք պատմությանը՝ մեր աչքերի առջեւ գրված, մեր՝ յուրաքանչյուրիս կերտած պատմությանը, միով բանիվ՝ այն ժամանակահատվածին, որն ընկած է երկու՝ 1988թ. Փետրվարի 20 եւ 1990 թ. օգոստոսի 4 տարեթվերի միջեւ։ Որպես այդ Շարժման առաջնորդներից մեկը, որտե՞ղ եք տեսնում նրա ակունքները, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան շարժումը, ո՞րն էր նրա պատմական էությունը։
– Ղարաբաղյան շարժումը, նրա ընդգրկումը՝ համաժողովրդական բնույթը, շատերի համար անակնկալ էր։ Սակայն երբ հետադարձ հայացք ենք ձգում ոչ հեռավոր պատմական անցյալին, վերլուծում եւ ընկալում ենք պատմական տրամաբանությունը, ակներեւ է դառնում, որ Շարժումն անցյալի միանգամայն տրամաբանական շարունակությունն էր, պատմական երեւույթների շղթայի անխուսափելի օղակներից մեկը։
Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ամենաիրավազուրկ ժողովուրդն էր ամբողջ 70 տարի, ԽՍՀՄ կազմավորման շրջանից ի վեր, երբ նրա հայրենիքը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի, հանուն տոտալիտար տերության ստեղծման փաստորեն զոհաբերվեց, մասնատվեց բարեկամ համարվող Թուրքիայի ու նրա դաշնակիցը ներկայացվող Ադրբեջանի միջեւ։ Կատարված պատմական այս անարդարության զգացումը, որը տիրապետող է եղել հայ ժողովրդի մեջ, անխուսափելիորեն պետք է հանգեցներ ժողովրդի ընդվզմանը։ Այդ պահը