Էջ:Ընտրանի.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մայն բնական եմ համարում), նա չկարողացավ անմիջապես ազատվել ընդդիմադիր ուժի հոգեբանությունից։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է խորհրդարանի ժողովրդավարական թեւին։ Դեռեւս իներցիայով նրանք առաջնորդվում են ընդդիմադիր ուժի հոգեբանությամբ, մինչդեռ նրանցում պետք է տիրապետի տիրոջ գիտակցությունը։ Այս առումով մեծ դեր կարող են խաղալ տեղական խորհուրդների ընտրությունները, որտեղ ժողովրդավարական ուժերի հաղթանակը կապահովի ներկա իշխանության ամբողջականությունն ու լիարժեքությունը։

Այժմ իրական իշխանության գլուխ են նոր, ժողովրդավարական ուժերը, եւ այլ ուժ է, որ պետք է հանդես գա որպես ընդդիմադիր։ Սկզբում այդ բանը փորձեց խորհրդարանի կոմկուսի թեւը, սակայն շատ շուտով նա կորցրեց կազմակերպված ընդդիմադիր ուժի իր բնույթը։ Ասածս բնավ չի նշանակում, որ ժողովրդավարական ուժերը, կամ ՀՀՇ-ի թեւը խորհրդարանում, այժմ հանրապետությունում զերծ են ընդդիմությունից։ Սակայն այդ ընդդիմադիր ուժը խորհրդարանական չէ։ Դա ռեալ իշխանության ընդդիմությունն է։ Նկատի ունեմ, մասնավորապես, ողջ գործադիր իշխանությունը, որը գրեթե մինչեւ օրս գտնվում է նախկին կառավարողների ձեռքում։ Առկա են նաեւ սաբոտաժի երեւույթներ, որոնց մի մասը գիտակցված, կանխամտածված է, մյուս մասը՝ անշնորհքության, անճարակության հետեւանք է, երրորդ մասը՝ շփոթության արդյունք։ Խնդրի լուծումը ես տեսնում եմ տեղական խորհուրդների իրական թարմացման մեջ, որից հետո մենք կունենանք ոչ թե ռեալ իշխանության ընդդիմությունը, այլ քաղաքական ընդդիմադիր ուժ։

― Ձեր վերաբերմունքը բազմակուսակցական համակարգին։

― Բազմակուսակցությունն արդեն անխուսափելի անհրաժեշտություն է։ Շատ շուտով այդ օրենքը կընդունվի, եւ բոլոր կուսակցությունները եւ այլ քաղաքական կազմակերպություններ, որոնք գործում են Սահմանադրության շրջանակներում, կդառնան իրավահավասար։ Ես բացառում եմ այն կուսակցությունների գործունեությունը միայն, որոնք քարոզում են բռնություն կամ օրինական իշխանությունների բռնի տապալում։ Դրանք, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, այնպես էլ մեզ մոտ, արգելված կլինեն։