Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան ղեկավարության մասնակցությամբ, որոնցում պարզապես պահանջ էր դրվում հետաձգել նստաշրջանի հրավիրումը, պատրվակ բերելով, թե իբր բազմաթիվ զինված կազմավորումներ սպառնացել են չենթարկվել խորհրդարանին եւ նստաշրջանի բացման օրը կփորձեն զինված միջամտությամբ խանգարել նրա աշխատանքները։ Մենք կռահեցինք այդ սադրանքի էությունը, չվախեցանք սպառնալիքներից՝ վստահ լինելով մեր ժողովրդի աջակցության վրա, եւ հասանք նրան, որ բացվի նստաշրջանը, որի ընթացքն ու արդյունքները հայտնի են բոլորիս։

Ու Կենտրոնը, ինչպես նաեւ տեղական իշխանությունները ստիպված եղան հաշվի նստել այս իրականության հետ։ Բարեբախտաբար, այս առումով իրատեսական մոտեցում հանդես բերեցին ե՛ւ Կենտրոնը, ե՛ւ տեղական իշխանությունները, որ ոնց կողմից այլեւս սադրանքի փորձեր չարվեցին։ Հետագայում նման փորձեր արվեցին զինված ջոկատների կողմից, որոնք պարզապես ճիշտ չգնահատելով թե՛ իրենց, թե՛ Հայաստանի ներկա իշխանությունների ուժերը, փորձեցին զենքի ուժով քաղաքականություն իրականացնել։ Նրանցից շատերը՝ ՀԱԲ-ի եւ մյուս ռազմական կազմավորումների, ինչպես նաեւ որոշ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, առաջադրված էին որպես պատգամավորության թեկնածուներ։ Քանի դեռ առաջադրված էին՝ ընդունում էին խորհրդարանի օրինականությունը, իսկ երբ չընտրվեցին, փորձեցին խորհրդարանի վրա ազդել զենքի ուժով։ Ահա այստեղ էր, որ նրանք թույլ տվեցին ամենակոպիտ սխալը՝ ճիշտ չգնահատեցին ուժերի հարաբերակցությունը, ժողովրդի տրամադրությունը։ Խորհրդարանը, հիրավի, արդեն վստահություն էր ձեռք բերել ժողովրդի մեջ, դարձել էր իսկապես համախմբվածության երաշխիք, համախմբվածություն՝ մեր պետականության գաղափարի շուրջը։ Եւ խորհրդարանը հարկադրված դիմեց վճռական քայլերի։ Այդ քայլերն ամենեւին կապված չէին պրեզիդենտի հրամանագրի հետ։ Զինված կազմավորումների լուծարումը եւ զենքի առգրավումը մեր հանրապետության ներքին պայմաններից թելադրված անհրաժեշտություն էին, որովհետեւ մենք կանգնած էինք քաղաքացիական պատերազմի շեմին։ Եւ անկախ այն բանից՝ կլիներ պրեզիդենտի հրամանագիրը, թե ոչ, միեւնույն է, մենք պետք է իրականացնեինք այն, ինչ արեցինք։ Ես սա հատկապես