Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցանկանում եմ ընդգծել, որովհետեւ շատ մեկնաբաններ մեր գործողությունները կապում են պրեզիդենտի հրամանագրի հետ։

Այժմ անդրադառնանք բուն հարցին։ Առաջինը, որ ես ուզում եմ ընդգծել. եթե կոմկուսի իշխանությունը երկարաձգվեր եւս մեկ-երկու ամսով, քաղաքացիական պատերազմն անխուսափելի կլիներ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ իշխանությունը չէր կարող լուծել առկա զինված կազմավորումների հարցը՝ այն կազմավորումների, որոնց մեջ թափանցել էին բազմաթիվ քրեական տարրեր, որոնք արդեն հեռացել էին մեր ազգի արժանապատվությունը, մեր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու սրբազան գործից եւ պարզապես զբաղված էին կողոպուտով։ Նախկին իշխանություններն ի վիճակի չէին պայքարելու այս երեւույթի դեմ այն պարզ պատճառով, որ բացարձակապես չէին վայելում ժողովրդի վստահությունը, եւ նրանց ունեցած լծակները՝ միլիցիան, անվտանգության մարմինները, որեւէ հեղինակություն չունեին ժողովրդի աչքում։ Ո՞վ կարող էր պայքարել այդ ռազմական կազմավորումների դեմ։ Կային ուժեր՝ երկրապահ ջոկատները, որոնք ե՛ւ իրենց զորությամբ, ե՛ւ թվով, եւ զինվածությամբ ավելի մեծ ուժ էին ներկայացնում, քան հսկողությունից դուրս եկած բոլոր ջոկատները միասին վերցրած։ Երկրապահ ջոկատները կարող էին կարգի հրավիրել նրանց։ Սակայն մենք միշտ զսպել ենք, միշտ խոչընդոտել ենք այդ բանին, որովհետեւ դա դիտել ենք որպես ինքնադատաստան, որն անթույլատրելի է, եթե նույնիսկ կատարվում է բարի նկատառումներով։ Քրեական տարրերի, հանցագործների դեմ պետք է պայքարի ոչ թե քաղաքացին, այլ՝ պետությունը։ Պետությունը եւ օրենքը։ Հակառակ դեպքում դա արդեն քաղաքացիական պատերազմ է։ Մի բան է, երբ հայրենասեր աշխարհազորը կարգուկանոն է հաստատում եւ պատժում հանցագործներին (դա արդեն քաղաքացիական պատերազմ է), մի այլ բան է, երբ պետությունը եւ օրենքն են կարգուկանոն հաստատում։ Իսկ երբ եկանք իշխանության գլուխ, մենք կարող էինք արդեն պետության անունից, վայելելով ժողովրդի վստահությունը, կարգուկանոն հաստատել։ Սա էր մեր միակ երաշխիքը։

Երբ ես իմ առաջին իսկ ելույթներում, դեռ չընտրված, հայտարարեցի, որ Հայաստանն ի վիճակի է սեփական ուժերով լուծել այդ հարցերը, հենց դա նկատի ունեի։ Որովհետեւ վստահ էի, որ հենց ժողովրդի