Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րում եմ միանգամայն անբարոյական քաղաքականություն։ Մինչեւ չհստակվի Կենտրոնի դիրքորոշումը, մինչեւ Կենտրոնը չդադարեցնի իր միջամտությունը, մինչեւ Արցախում անվտանգության տարրական պայմաններ չստեղծվեն արցախահայության համար, հնարավոր չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ հարցի ինչ-որ լուծում գտնել՝ ընունելի բոլոր կողմերի՝ նկատի ունեմ արցախահայության, Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Կարծում եմ, եւ ոչ միայն ինձ համար, ակնհայտ է արդեն այն փաստը, որ Արցախը, Արցախի հարցը միանգամայն ինքնուրույն քաղաքական գործոն է, որն ամենեւին կախված չէ Հայաստանից։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ուղղակի կախված է Արցախում զարգացող իրադարձություններից։ Ահա այսպիսի կապ կա այս երկու հարցերի միջեւ։

Դժվար է կանխագուշակել, թե ապագայում ինչպես կզարգանան իրադարձությունները. առճակատման ուղին գուցե կողմերից մեկին հաջողություն բերի։ Այսօր երկու կողմի համար էլ առճակատման ուղին իրեն սպառել է, եւ արդեն նախապայմաններ են ստեղծվել փոխզիջումների ուղիով ինչ-որ տանելի վիճակ ստեղծելու համար, որպեսզի հանրապետությունները կարողանան զբաղվել իրենց ներքին բարդ խնդիրներով։ Արցախն այսօր պետք է գոնե դառնա ԽՍՀՄ մյուս բոլոր շրջանների նման մի շրջան, որտեղ գործեն խորհրդային օրենքները, եւ բացառված լինի բռնի միջամտությունը նրա ներքին գործերին։ Այս հիման վրա, ես կարծում եմ, հնարավոր է գտնել մի ինչ-որ քաղաքական փոխզիջում։ Եւ այսօր Հայաստանի իշխանությունների պաշտոնական քաղաքականությունն ընտրել է այս ուղին, որը, կարծում եմ, ըստ արժանվույն կգնահատվի ոչ միայն ԽՍՀՄ, այլ նաեւ ողջ համաշխարհային հասարակական կարծիքի կողմից։

― Իսկ ինչպիսի՞ն է բուն Արցախի դիրքորոշումն այդ հարցում։

― Արցախում էլ կան լուրջ քաղաքական ուժեր, որոնք նույնպես գիտակցում են, որ հարցի քաղաքական լուծումն շտապեցնելը հնարավոր չէ, եւ այսօր ամենակարեւորը արցախահայության նորմալ կենսագործունեության ապահովումն է հայրենի հողում։

― Որպես Գերագույն խորհրդի նախագահ, ինչպե՞ս եք պատկերացնում եւ իրականացնում անմիջական կապը ժողովրդի հետ։