Էջ:Ընտրանի.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զարգացումն ապահովող արմատական սոցիալ-տնտեսական վերափոխումներ։ Այդ վերափոխումների մեջ առաջնահերթ նշանակություն ունեն մասնավոր սեփականության եւ հողի մասին օրենքները, որոնք հնարավորություն կտան հայ ժողովրդին դրսեւորելու իր բնական ունակությունները՝ գործարարությունն ու ձեռներեցությունը, որոնք 70 տարի հանցավոր կերպով խլված են եղել նրանից։ Այդ ունակությունների շնորհիվ էր, որ հայերը գերիշխող դիրքեր էին զբաղեցրել Թիֆլիսի ու Բաքվի տնտեսական կյանքում։ Եւ այդ ունակությունների շնորհիվ է, որ այսօր էլ մեր սփյուռքահայ եղբայրները դաժան մրցակցության պայմաններում զգալի տեղ են զբաղեցնում գործարար աշխարհում։ Պատահական չէ, որ Հայաստանի կառավարության կողմից մեր խորհրդարանին ներկայացվող առաջին օրենքները կլինեն սեփականության եւ հողի մասին։ Զարգացման մեջ հարեւաններից առաջ անցնելու մյուս կարեւոր գրավականն էլ Սփյուռքի գոյությունն է, որի նյութական, քաղաքական եւ մտավոր կարողությունները կարող են էապես նպաստել մեր հանրապետության բարգավաճմանը։

Հայ ժողովրդի եւ Հայոց պետականության գոյության ապահովության երրորդ երաշխիքը սեփական ազգային զինված ուժերի ստեղծումն է։ Պետությունն առանց բանակի չի կարող գոյություն ունենալ։ 1918 եւ 1942 թվականների փորձը ցույց է տվել, որ ամենաճակատագրական պահերին հայ ժողովրդի զինական ուժը գտնվել է Հայաստանի սահմաններից դուրս։ Սա էր այն հիմնական պատճառը, որ ՀՀՇ-ն դեռեւս իր առաջին ծրագրում առաջին անգամ դրեց սեփական զինված ուժեր ստեղծելու հարցը։

Այսօր կան բազմաթիվ առաջարկներ, թե ինչպես պետք է ստեղծվի այդ բանակը։ Շատերը միամտաբար կարծում են, որ բանակը պետք է ստեղծվի աշխարհազորի ուժերի հիման վրա։ Սակայն հասկանալի է, որ պետությունը պետք է պաշտպանի պրոֆեսիոնալ բանակի գաղափարը։ Կա մի շատ ավելի բնական, տրամաբանական ճանապարհ, ― դա վերաբերում է նաեւ Խորհրդային Միության մյուս հանրապետություններին, ― յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ պետք է ծառայի իր հանրապետության տարածքում։ Այսօր Հայաստանի սահմաններից դուրս ծառայում են շուրջ 40 հազար հայ զինվորներ։ Եթե նրանք նույնիսկ խորհրդային բանակի կազմում ծառայեն Հայաստանի տարած