Հայոց համազգային շարժումը եւ նրա ստեղծած ներկա ազգային իշխանությունը։ Հայոց համազգային շարժումը եւ Հայաստանի ներկա իշխանությունները Արցախի վերաբերյալ ունեն հստակ քաղաքական ծրագիր եւ հետեւողականորեն իրականացնում են այդ քաղաքականությունը։ Ես այդ մասին երեկ հնարավորություն ունեցա հանգամանորեն խոսել համագումարի արցախյան բաժանմունքի նիստում, այդ պատճառով հարկ չեմ համարում չարաշահել ձեր ժամանակը։
Մի այլ մեղադրանք, որը նույնպես իր պատմությունն ունի. Իբր Հայոց համազգային շարժումն անտեսում է ՀայԴատը, հրաժարվում հայ ժողովրդի պատմական իրավունքներից։ Մենք տվել ենք մեր բացատրությունները, բայց դրանք ամենեւին չեն ազդում մեր ընդդիմախոսների վրա։ Բանավեճի առանձնահատկությունը, դժբախտաբար, այն է, որ դրանով երբեք հնարավոր չէ ազդել ընդդիմախոսի վրա։ Բանավեճը նրա համար է, որ համոզես ժողովրդին, երրորդ կողմին։ Միեւնույն է, եթե որեւէ դիրքորոշում ձեռնտու է մեր ընդդիմախոսներին, որքան էլ հիմնավորված լինեն մեր փաստարկներն ու պարզաբանումները, նրանք նույն մեղադրանքները շարունակ կրկնելու են, որովհետեւ քաղաքական այլ խաղաքարտ չունեն։
Ի՞նչ կարելի է ասել այս մասին։ Մեր վերաբերմունքը ՀայԴատին միանշանակ է։ Նախ` տիրում է այն թյուր տեսակետը, թե իբր ՀայԴատը Սփյուռքի դատն է, արեւմտահայության խնդիրը։ Ամենեւին ո՛չ, որովհետեւ պետք է ելնել այն փաստից, որ Հայաստանի բնակչության կեսն էլ, առնվազն կեսը արեւմտահայ է։ Եւ սփյուռքահայության զգացմունքները նույնքան հարազատ են հայրենյաց ժողովրդին, որքան սփյուռքահայությանը։ Այնպես որ, ՀայԴատի պաշտպանությունը դարձնել Սփյուռքի մենաշնորհը, ինձ թվում է, հիմքից սխալ է։ Սա՝ մեկ։ Իսկ երկրորդը՝ մենք բազմիցս կրկնել ենք, որ Հայոց համազգային շարժումն ամենեւին չի հրաժարվում հայ ժողովրդի պատմական իրավունքներից, Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, բայց գտնում է, որ այդ գաղափարներն անհրաժեշտաբար տեղ գտնելով քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ծրագրերում եւ լինելով նրանց գործունեության կարեւորագույն խնդիրներից, այսօր չեն կարող դառնալ պետական քաղաքականության օրակարգի հարց։ Սա է մոտեցումը։ Այս սրահում ներկա է մոտ 1500 ազգային քաղաքա