Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանակահատվածում չէինք կարող բարելավել մեր ժողովրդի կենսական պայմանները։ Մեր ժողովուրդը դա շատ լավ հասկանում է։ 70 տարի շարունակ քանդված երկիրը հնարավոր չէ վերականգնել մի քանի ամսվա, մի քանի տարվա ընթացքում։ Բայց մեր ժողովուրդը մեզանից այսօր իրավացիորեն պահանջում է գոնե սոցիալական արդարություն ապահովել։ Որովհետեւ, չնայած տեղի ունեցած բազմաթիվ կարեւոր փոփոխություններին, այնուամենայնիվ, բոլորիս աչքի առջեւ անցյալի պաշտոնյաները շարունակում են կաշառք վերցնել, կողոպտել ե՛ւ պետության, ե՛ւ ազգի հարստությունները, հարստահարել մեր ժողովրդին։ Մեր պարտքն է՝ որքան հնարավոր է արագ արմատախիլ անել այդ երեւույթը։ Բայց դա հնարավոր չէ եւ ցանկալի էլ չէ իրականացնել միայն ու միայն պատժիչ միջոցներով։ Նմանատիպ կոչերը, որ արվում են մեր իշխանություններին, ինձ թվում է, վնասակար կոչեր են։ Իրողությունը պետք է փոխվի, բայց պետք է փոխվի տնտեսության, սոցիալական կյանքում լուրջ, արմատական վերափոխումներ կատարելու շնորհիվ։ Իհարկե դա չի բացառում, որ պետք է կիրառվեն նաեւ օրենքով սահմանված պատժիչ միջոցներ։

Ես կարծում եմ՝ ազգային համերաշխության, սոցիալական արդարության հիմքը այնպիսի դեմոկրատական հասարակարգի ստեղծումն է, երբ յուրաքանչյուր անհատ հասարակության մեջ զբաղեցնում է իր արժանի տեղը։ Սա, իհարկե, իդեալ է, որին, ըստ երեւույթին, դժվար է հասնել, բայց սա՛ պետք է լինի մեր ճանապարհը։ Հայաստանի նորընտիր իշխանությունները փորձում են (թե որքան է մեզ հաջողվում, դա այլ հարց է) ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կառավարությունը ձեւավորելիս գտնել լավագույն կադրերին` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ նրանց անցյալից, այն կադրերին, որոնք այսօր ի վիճակի են առավելագույնս համապատասխանել իրենց զբաղեցրած պաշտոններին։ Ինձ թվում է, որ միայն այս ճանապարհով մենք կարող ենք ապահովել անհատին ըստ իր արժանիքների գնահատելու սկզբունքը, որը, կրկնում եմ, սոցիալական արդարության եւ ազգային համերաշխության հիմքը պետք է լինի։ Եթե մեզ դա առայժմ չի հաջողվում, ինձ թվում է` պետք է ներել. մենք փնտրտուքների մեջ ենք, եւ կարծում եմ` նաեւ իրավունք ունենք սխալվելու։ Ե՛վ Հայոց համազգային շարժումը, ե՛ւ նրա ստեղծած ազգային իշխանությունը, կարծում եմ, իրավունք