Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է






ԵԼՈՒՅԹ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 68֊ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

(10 սեպտեմբերի, 1983թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Խորհրդային Հայաստանի խաղաղ երկնքի ներքո մենք հավաքվել ենք տոնելու Մուսա լեռան հերոսամարտի 68֊րդ տարեդարձը, մեկ անգամ եւս հաղորդակցվելու մեր նախնիների սխրագործությանը, ոգեկոչելու անցյալ փառքերը եւ լավատեսության նոր լիցք ստանալու ապագայի նկատմամբ։

1915 թվականին հայ ժողովրդի երեքհազարամյա պատմության մեջ արձանագրվեց ամենաողբերգական եւ ճակատագրական դրվագը։ Մի ժողովուրդ, որ դարեր շարունակ ապրել եւ ստեղծագործել էր իր պապենական հողի վրա, ունեցել վերելքի եւ վայրէջքի հաջորդող ժամանակաշրջաններ, ենթարկվել բազմաթիվ փորձությունների, բռնագաղթերի եւ օտարացման, այնուամենայնիվ, մի ներքին բնազդով կառչել էր իր լեռնաշխարհին՝ լավագույն կյանքի ակնկալումով հասնելով մեր քաղաքակիրթ դարին։ Սակայն այդ դարը եկավ միանգամից ի դերեւ հանելու նրա բոլոր հույսերը, հոշոտելու նրա որդիներին ու դուստրերին, ամայացնելու նրա հայրենի երկիրը։

Հայ ժողովրդի բնաջնջումն իրագործվեց հրեշավոր ծրագրով, որը հղացվել էր դեռեւս անցյալ դարի յոթանասնական թվականներին՝ ռուս֊թուրքական պատերազմից անմիջապես հետո։ Հունաստանի, Բալկանյան երկրների ազատագրման փաստը ամենահետին թուրքին անգամ բերել էր այն համոզման, որ եւս մի պատերազմ՝ եւ իրենք կորցնե-