Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լու են նաեւ Հայաստանը։ Հայ ժողովրդի դատավճիռն, այսպիսով, անկախ նրա բռնած դիրքից ու գործունեությունից, կայացված էր։ Ուստի միանգամայն հակապատմական է մեր օրերում դրսեւորվող այն մտայնությունը, որ իբր՝ եթե հայերն իրենց տեղում հանգիստ նստեին, չապստամբեին Օսմանյան պետության դեմ, քաղաքական կուսակցությունները չգրգռեին ժողովրդին, ապա թուրքերը մեզ ոչինչ չէին անի։ Միանգամայն հակապատմական, միաժամանակ վնասակար եւ հուսալքող մտայնություն, որ գլխիվայր է շրջում պատմական իրականությունը։ Ֆիդայական շարժումն ու ազգային քաղաքական կուսակցությունների ստեղծումը ոչ թե պատճառը, այլ հետեւանքն էին թուրքական հայաջինջ քաղաքականության։ Եւ եթե հարկ է անպայման մեղադրել հայ ժողովրդի քաղաքական առաջնորդներին ու ղեկավարներին, ապա նրանց պետք է մեղադրել միայն այն բանում, որ չեն կարողացել ժողովրդին կոչել անհաշտ պայքարի, չհավատալ հակառակորդի խաբեություններին, գիտակցել հայ-թուրքական հակասության բուն էությունը։ Թուրքական լծից ազատագրվելու միակ միջոցը զինված պայքարն էր, քանի որ եթե հայերը ձեռքերը ծալած նստեին անգամ, միեւնույն է՝ թուրքերը նրանց պետք է ոչնչացնեին։ Դժբախտաբար, այս բանը չհասկացան ժողովրդին առաջնորդելու կոչված կուսակցական ղեկավարները, իսկ երիտթուրքական հեղաշրջումից հետո, խաբվելով թուրքերի կեղծ բարեկամական ցույցերից, նույնիսկ կորցրին զինված պայքարի նախորդ տասնամյակներին ձեռք բերած նվազագույն աչալրջությունն ու մարտունակությունը։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին կատարվեց արդեն ամենաճակատագրական սխալը՝ զանգվածային մասնակցությունն ընդհանուր զորահավաքին, որով հայ ժողովուրդը փաստորեն զրկվեց իր ամենամարտունակ ուժերից։ Հետո եկավ եղերական ապրիլը, եկավ 1915 թվականի մղձավանջային ամառը, եւ Հայոց դրախտային աշխարհը վերածվեց մոխրակույտի։

Սակայն մի՞թե կարող էր երեքհազարամյա քաղաքակրթություն ունեցող մի ժողովուրդ, որը դարեր շարունակ փայփայել էր Հայոց պետականության վերականգնման երազանքը, սնվել անցյալի հերոսական ավանդներով ու կերտել «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը՝ չանսալ դիմադրության իր ներքին բնազդին եւ չդրսեւորել իր անհողդողդ կամքն