Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր կամքից, Խորհրդային Միությունն էլ պետք է վերանա։ Մենք կարող ենք արագացնել կամ դանդաղեցնել այդ պրոցեսը, բայց դա անխուսափելի է։ Այդպիսի պետությունը հնարավոր է ժամանակավորապես պահպանել միայն որպես համակենտրոնացման ճամբար, բռնի ուժի միջոցով, ինչպես տեղի է ունեցել յոթանասունչորս տարի։ Այդպիսի պետությունը գտնվում է ներքին խոր հակասությունների մեջ, նրանում առկա իրողություններն իրարամերժ են եւ վիժեցնում են նման պետության բնական գոյատեւումը։

Այդ իրարամերժ եւ անհամատեղելի իրողություններն են` միությունը, ժողովրդավարությունը եւ տնտեսական բարգավաճումը։ Համաշխարհային փորձով մեկընդմիշտ արդեն ապացուցված է, որ տնտեսական բարգավաճում հնարավոր է միայն ազատ, եւ ոչ թե կենտրոնացված տնտեսության պայմաններում։ Իր հերթին ազատ տնտեսության իրականացումը ենթադրում է ժողովրդավարության անհրաժեշտ մակարդակ, որ հակասում է ունիտար միության էությանը։ Ե՛վ ժողովրդավարության ընդլայնումը, ե՛ւ տնտեսական ազատությունը բնականորեն հանգեցնում են հանրապետությունների եւ երկրամասերի տնտեսական ինքնուրույնության, որ անխուսափելիորեն հիմք կծառայի նրանց քաղաքական անկախության։

Քանի որ ժողովրդավարությամբ պայմանավորված տնտեսական բարգավաճումը նշանակում է Խորհրդային Միության անխուսափելի մասնատում, ապա բացառված չէ, որ կայսերամետ իշխանությունները փորձեն այն պահպանել բռնի ուժի միջոցով, ինչպես անցած տասնամյակների ընթացքում։ Սակայն այս դեպքում արդեն առաջանում է Միության կործանման մի նոր, ավելի ահավոր եւ արագընթաց վտանգ` ժողովրդական զանգվածների սոցիալական դժգոհությունը, որ ընդունակ է ջնջելվերացնել ամեն ինչ։

Գոյություն ունի այդ դժգոհությունը կանխելու երկու եղանակ` բռնության կիրառումը եւ երկրի բնական պաշարների անխնա վատնումը։ Բայց, ի դժբախտություն կայսերապետական ուժերի, դրանք ժամանակավոր եւ, մանավանդ, հանցավոր միջոցներ են։ Կգա ժամանակ, երբ միութենական համակենտրոնացման ճամբարի գոյությունը կդիտվի որպես հանցագործություն մարդկության հանդեպ։ Նույնպիսի հանցագործություն կդիտվի նաեւ երկրի բնական հարստությունների սպառու