Էջ:Ընտրանի.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Ելցին–Գորբաչով եւ դեմոկրատական ուժերի միջեւ կոալիցիոն կառավարություն կազմելու ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում։

― Ինձ թվում է, թե Գորբաչովը միայն պրոպագանդիստական նպատակներով կարող է ընդունել նման բան, սակայն հակասություններն այնքան խորն են, որ նման կոալիցիա կամ գործակցություն չի կարող գործնական լինել։

― Ուրեմն ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս ճգնաժամից։

― Կա միայն մի ճանապարհ` դեմոկրատական ուժերը պետք է ամրապնդվեն, իսկ Կենտրոնը պետք է հեռանա բեմից։ Նախկին համակարգն այլեւս անկարող է կառավարել երկիրը։ Կենտրոնը դատապարտված է փլուզման, եւ նա չի կարող վերականգնել իր ֆունկցիան։

― Դուք մասնակցում էիք Ֆեդերացիայի խորհրդի նիստերին եւ մոտիկից տեսնում Գորբաչովին։ Տեսնո՞ւմ եք որեւէ փոփոխություն նրա կարողության մեջ …Խորհրդային Միությունը առաջնորդելու։

― Իմ տպավորությամբ, Գորբաչովի գլխավոր դժվարությունն այն է, որ նա փոփոխությունների ու բարենորոգումների հստակ եւ կառուցողական ծրագիր չունի, եւ դա է նրան պատեպատ խփում։ Մյուս կողմից՝ ես պետք է գնահատեմ նրա կատարած հավասարակշռող դերը։ Այս առումով նրա ներկայությունը չափազանց կարեւոր է։ Ես զգում եմ, որ խորքում նա հակադրվում է առճակատումներին եւ ուժային վիճակներին։ Բայց այս կապակցությամբ ես պետք է շեշտեմ նաեւ Ելցինի նշանակությունը։ Ես հավատացած եմ, որ հավասարակշռության գլխավոր դերը Ելցինն է կատարել։ Եթե մենք չունենայինք ուժեղ դեմոկրատական հիմքով օժտված Ելցին, ապա աջերի կողմից ճնշումը կարող էր Գորբաչովին մղել մի կացության, որտեղ նա կուզենար ուժ գործադրել։ Փաստորեն, Ելցինն օգնում է Գորբաչովին, որ նա հեռու մնա աջերի ճնշումից։

«Ազգ», 4 մայիսի, 1991 թ.։
Թարգմանություն անգլերենից։ «Քրիսչըն Սայընս Մոնիթըր»(The Christian Science Monitor), 1 մայիսի, 1991 թ.։
Հարցազրույցը՝ Դանիել Սնայդերի , «Քրիսչըն Սայընս Մոնիթըր»-ի հատուկ թղթակից։
Հրատարակված՝ «Հայ ղեկավարն ասում է, որ Մոսկվան չի կարող հաջողել բռնի ուժով» վերնագրով։