Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խախտել այդ փոխկապակցվածությունը, ծառայում են ոչ թե առաջընթացին, այլ արգելակմանը։

Երկրորդ. մենք հասկանում ենք, որ Արեւմուտքը պարտավորություններ ունի Գորբաչովի հանդեպ, որի դերը հատկապես մեծ է միջազգային կլիմայի առողջացման, Արեւելյան Եւրոպայի երկրների ազատագրման, ինչպես նաեւ սպառազինությունների մրցավազքի թուլացման գործում։ Բայց ի դեմս Գորբաչովի անվերապահորեն պաշտպանել Կենտրոնին` նշանակում է գործնականում ամրապնդել հետադիմական ուժերի դիրքերը։ Ուստի, մեր կարծիքով, արդեն ժամանակն է, որ Արեւմուտքը, մշակելով իր քաղաքականությունը ԽՍՀՄ-ի հանդեպ, ելնի այն փաստից, որ Կենտրոնի կողքին, ի դեմս հանրապետությունների, առաջ են եկել այլ իրական քաղաքական ուժեր, որոնք օր-օրի ավելի են ապացուցում իրենց գործունակությունը, մինչդեռ Կենտրոնը կորցնում է կառավարման նորանոր լծակներ։ Այժմ Կենտրոնը չունի նույնիսկ տնտեսական լծակներ։ Նրա միակ հենարանը մնում են պատժիչ մարմինները` բանակը, ՆԳՆ-ն, ՊԱԿ-ը։

Երրորդ. կա մի վտանգ, որն այսօր արդեն իրեն զգալ է տալիս. վեց հանրապետությունները, որոնք ցանկություն են հայտնել հասնել անկախության, կարող են ենթարկվել եւ արդեն ենթարկվում են բռնությունների ու տնտեսական խտրականության, ինչի մասին անթաքույց ակնարկ արվեց այսպես կոչված «9+1»-ի հայտարարության մեջ։ Այնտեղ ասվում է, որ ինը հանրապետությունների համար կապահովվի առավել բարենպաստ ռեժիմ։ Մինչդեռ ո՛չ ԽՍՀՄ Սահմանադրությամբ, ո՛չ ԽՍՀՄ-ից դուրս գալու օրենքի համաձայն, որտեղ նախատեսվում է հնգամյա անցումային փուլ, ԽՍՀՄ կազմից դուրս գալու մտադրություն ունեցողների նկատմամբ որեւէ խտրականություն սահմանված չէ։

Չորրորդ. մենք չունենք ո՛չ բարոյական իրավունք, ո՛չ էլ մտադրություն՝ խնդրելու, որ Նախագահ Միտերանը, կամ մեկ ուրիշն Արեւմուտքում, խառնվի ԽՍՀՄ ներքին գործերին։ Սակայն կան որոշ ընդհանուր սկզբունքներ, որոնք ոչ մի կերպ չի կարելի դասել այս կամ այն երկրի ներքին գործերին. օրինակ, երբ պետության կողմից ուժ է գործադրվում խաղաղ բնակչության դեմ, կամ՝ երբ խախտվում են մարդու իրավունքները։ Այդ դեպքում Արեւմուտքը չի կարող եւ չպետք է աչք փակի։

― Եւ ի՞նչ պատասխանեց Միտերանը։