Մենք հասկանում ենք, որ կարճ ժամանակահատվածում չենք կարող ստեղծել ժամանակակից բանակ եւ հզոր տնտեսություն, որպեսզի միայնակ դիմակայենք հնարավոր վտանգները։ Հենց միայն այս պատճառով բոլոր խոսակցությունները «Հայկական էքսպանսիայի սպառնալիքի» մասին մաքուր շահարկումներ են։
Մեր, ինչպես ցանկացած պետության, անվտանգության գլխավոր երաշխիքը հարաբերությունների կարգավորումն է հարեւանների հետ։ Ուստի մենք արտահայտեցինք մեր կամքը` փոխշահավետ, երկկողմ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Այդ երկրի դեսպանն այցելեց Հայաստան։ Ոչ քիչ բարդություններ կան, բայց գլխավորն այն բանի գիտակցումն է, որ երկու հարեւան ժողովուրդներն սկսել են հարաբերությունների հաստատումը։ Արդեն կան բանավոր պայմանավորվածություններ՝ որ առաջ չեն քաշվի քաղաքական պայմաններ տնտեսական եւ մշակութային կապերի զարգացման համար։ Ընդհակառակը, այդ կապերը հիմք կստեղծեն քաղաքական խնդիրների լուծման համար։
― Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում կառուցել Ձեր հարաբերությունները հյուսիսային հարեւանների հետ։
― Մենք երախտապարտ ենք Ռուսաստանի եւ մյուս հանրապետությունների ժողովրդավարական ուժերին, ակնկալում ենք նրանց աջակցությունը նաեւ առաջիկայում։ Մեր կողմից մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը։ Ինչպես արդեն ասացի, դատելով ըստ ամենայնի, մենք կդառնանք առաջին հանրապետությունը, որը դուրս կգա Խորհրդային Միությունից` պահպանելով բոլոր «ձեւականությունները»։
Մենք մեկ ուրիշ գործում եւս առաջամարտիկներ դարձանք։ Երբ կոմկուսը վերջնականապես կորցրեց իր դերը հանրապետության քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքում, այդ կուսակցության ղեկավարներն սկսեցին զբաղվել բիզնեսով` ջանալով օգտագործել կուսակցության սեփականությունից հնարավոր ամեն ինչ` տպարաններ, հրատարակչություններ, բազմաթիվ շքեղ շինություններ, որ նրանք վարձակալության էին տալիս կոոպերատիվներին։ Ժողովուրդը վրդովվում էր, որ 70 տարվա շահագործման շնորհիվ կուտակված ունեցվածքը շարունակում է ծառայել նույն այդ շահագործողներին։ Մենք փորձեցինք կուսակցական գործիչներին բացատրել, որ անարդար ձեւով դիզած