Էջ:Ընտրանի.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան պատգամավորների համագումարում մատնանշում էր հենց այդ ուղին։ Եւ այստեղ արտահայտված այն կարծիքները, թե մենք դավաճանում ենք հանրաքվեի արդյունքներին, պարզ կեղծարարություն է։ Դրա համար ես այսօր հարկ եմ համարում հստակ շարադրել իմ տեսակետը մեր ապագա քաղաքականության վերաբերյալ։

Մենք ի՞նչ էինք ուզում մինչեւ հանրաքվեն եւ արդյո՞ք վատ բան էինք ուզում։

Մենք ուզում էինք դառնալ եւ րոպական պետությունների` Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի նման անկախ պետություն, ճանաչվել միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքն` հասնել լիակատար քաղաքական անկախության, դրա հետ մեկտեղ գտնել ներդաշնակություն մեր հարեւանների հետ, ստեղծել ժողովրդավարական պետությունների այնպիսի համագործակցություն, որն առավել կերպով կապահովեր ե՛ւ մեր անկախությունը, ե՛ւ մեր ժողովրդի բարեկեցությունն ու երջանկությունը։

Սա՞ չէր մեր ուզածը, ա՞յս խնդիրները չէին արտահայտվել մեր բազմաթիվ ելույթներում ու հոդվածներում։

Մեզ համար իդեալ էր՝ Խորհրդային Միությունը տեսնել որպես այնպիսի ազատ պետությունների մի համագործակցություն, ինչպիսին եւրոպական պետությունների համագործակցությունն է։ Չպետք է մոռանալ, որ երեք տարի շարունակ մեր ժողովրդի հսկայական ջանքերի շնորհիվ եւ զրկանքների գնով մենք ամեն օր ընդլայնում էինք մեր ինքնուրույնությունը, մեր անկախությունը։ Ես ընդգծում եմ՝ ամե՛ն օր, թե՛ ժողովրդավարական ազատությունների բնագավառում, թե՛ տնտեսության մեջ (նկատի ունեմ մեր սեփականաշնորհման բարեփոխումը, որ ոչ մի հանրապետություն չի կատարել), թե՛ զինակոչիկների ծառայության հարցում։ Մենք փաստացի իսկապես ամեն օր գնում էինք դեպի անկախություն, ամեն օր ընդլայնելով մեր ազատությունը, մեր ինքնուրույնությունը եւ անկախությունը։

Այսօր գործընթացներն ավելի արագացել են, եւ մենք հնարավորություն ունենք ոչ թե օրեցօր, այլ արդեն ժամ առ ժամ ընդարձակելու մեր անկախությունը։ Դուք ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ թափով են ընթանում գործընթացները։ Երբ այստեղ խոսում են համագումարի, նրա որոշումների, Սահմանադրության, մեր ընդունելիք որոշումների մասին, դրանք դիտելով որպես կաշկանդող դոգմաներ, ես դա համարում եմ