հասարակությունը, ընդհանուր առմամբ նույն որակն ունեն ե՛ւ կադրերը, ե՛ւ մտավորականները, ե՛ւ մշակույթը, ե՛ւ գիտությունը։ Մեր ընտրած կադրերը իդեալական չեն լինի, բայց մոտեցումն անպայման կլինի այն, որ առկա նյութից լավագույնը ընտրվի, ամենաարժանին։ Սա էր մեր մոտեցումը նախկինում, եւ Վազգեն Մանուկյանի մոտեցումն էլ նույնն էր։ Այլ բան է, թե որքանով մեզ հաջողվեց դա իրականացնել։ Սկզբունքը չի փոխվելու։ Հնարավոր են սխալներ, հնարավոր են դժգոհություններ, բայց հետեւողականորեն պետք է ձգտենք, որ յուրաքանչյուրն իր արժանի տեղը գրավի հասարակության մեջ, ինչը վերջինիս ներդաշնակության հիմքն է։ Ընտրապայքարի ընթացքում եւ հետո էլ եղան խոսակցություններ, արտահայտվեցին ծրագրեր, որ Հայաստանի իշխանությունները պիտի կոալիցիոն լինեն, որ ոչ մի կուսակցություն ի վիճակի չէ մենակ կառավարել այս պետությունը։ Ես համաձայն եմ. իսկապես, ոչ մի կուսակցություն այսօր այդքան կադրեր չունի։ Բայց դա չի նշանակում, թե իշխանությունը քաղաքական իմաստով է կոալիցիոն լինելու։ Կոալիցիա կգոյանա մասնագետների ընտրության առումով. անկախ այն բանից, թե տվյալ պաշտոնին հավակնող ամենաարժանավոր թեկնածուն ո՛ր կուսակցությանն է պատկանում, նա կզբաղեցնի այդ աթոռը։ Այսինքն` ոչ թե կուսակցությունից դեպի պաշտոնը, այլ` անձից, անձնական հատկանիշներից։ Մասնավորապես, մի քանի սփյուռքահայ նախարարներ կլինեն։ Բացի այդ, բոլոր նախարարություններում, ընդհուպ մինչեւ փոխնախարարի պաշտոնը, կընդգրկվեն սփյուռքահայ մասնագետներ։ Սփյուռքի եւ Հայաստանի համագործակցության լավագույն ձեւը ես սա եմ համարում։ Սփյուռքի կենդանի ներկայությունը Հայաստանում եւ ոչ թե հեռվից-հեռու հանձնարարականների ու ծրագրերի առաքումը։
― Առաջին փաստաթուղթը, որ Դուք ստորագրեցիք Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելուց հետո, միջպետական տնտեսական պայմանագիրն էր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հոկտեմբերի 18- ին վավերացնողների կազմը։
― Կազմը դեռ ոչինչ չի նշանակում, չի նշանակում, թե առայժմ պայմանագրին մասնակից ութ հանրապետությունները նույն նկատառումով են իրենց ստորագրությունները դրել։ Մի մասն իսկապես լրջորեն գնա