Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Հաճա՞խ եք կանգնել երկընտրանքի առջեւ որեւէ կարեւոր քայլ ձեռնարկելիս, որեւէ կարեւոր որոշում ընդունելուց առաջ։

― Երկընտրանքի առջեւ կանգնել ու հիմա էլ կանգնում եմ միայն մեկ դեպքում՝ երբ անորոշություն է։ Իսկ երբ քաղաքական նպատակը հստակ է, միջոցները՝ տեսանելի, ինձ համար ոչ մի երկընտրանք գոյություն չունի։

― Շարժման սկզբնական շրջանում շա՞տ էին անորոշ պահերը։

― Չէի ասի շատ էին. գուցե դրանք այն պահերն էին, երբ մեզնից պահանջվում էր շատ լուրջ վերաբերվել իրականությանը, իսկ նպատակը եւ դրան հասնելու ուղիները տեսնելուց հետո՝ գործել վճռական։ Շարժման ողջ ընթացքում ե՛ւ մեր քաղաքական նպատակները, ե՛ւ դրանց հասնելու ուղիները, ե՛ւ դրանցից բխած մեր ծրագրերը հիմնականում հստակ են եղել։ Իհարկե՝ ընթացքում մշտապես ենթարկվելով ճշգրտումների։

― Եղե՞լ են սխալներ կամ վրիպումներ, որոնք բացառելու դեպքում այլ ընթացք կունենային իրադարձությունները։

― Անշուշտ, սխալներ, վրիպումներ, սայթաքումներ եղել են։ Ժամանակին վերլուծելով դրանք՝ ձգտել ենք ճշգրտումներ մտցնել մեր անելիքների մեջ։ Ամենամեծ վրիպումն այն եմ համարում, որ ուշ ազատվեցինք Շարժման իներցիայից, ուշ գիտակցեցինք, որ «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն դարձել են այլընտրանքային իշխանություն։ Ուշ սկսեցինք մեր կամքը թելադրել նախկին կոմունիստական վարչակարգին, երբեմն հավատացինք նրա անկեղծությանը։ Պետք էր ավելի վճռական գործել։

Մենք չունեինք իշխանություն գրավելու ո՛չ նպատակ, ո՛չ էլ գիտակցություն։ Սա մեր սխալն էր, բայց երեւի պատմության տրամաբանությունն էր, որ ուշ գիտակցեցինք այս անհրաժեշտությունը։

― Ժողովրդավարության, անկախության վերստեղծման ճանապարհին, թվում է, սոցիալական դժվարություններն անխուսափելի են, բայց հոգեւոր-մշակութային կյանքում եւս դրական տեղաշարժեր համարյա չկան։ Մինչդեռ հենց այս ոլորտն է առավել զգայուն ազգի վերածննդի նախանշանների հանդեպ։