Էջ:Ընտրանի.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Սա չպետք է դժբախտություն համարվի, որովհետեւ նման օրինաչափություն ընդհանուր առմամբ նկատվում է համաշխարհային պատմության մեջ։ Ցնցումների շրջանում հոգեւոր կյանքն իսկապես նահանջ է ապրում, առաջնային են դառնում այլ խնդիրներ՝ ազգի գոյության հետ կապված կենսական խնդիրները, եւ ստեղծագործ ուժերը տեղափոխվում են այս ոլորտ։ Նույնը դրսեւորվեց նաեւ մեր Շարժման ընթացքում, նույնն է նաեւ փլուզված կայսրության մյուս հանրապետություններում։ Ռուս շատ տաղանդավոր գրողներ, արվեստագետներ, որոնք փայլում էին լճացման տարիներին՝ այսօր հայտնվել են հրապարակախոսության ասպարեզում, իսկ գրականությունն ու արվեստն այնտեղ եւս առանձնապես չեն ծաղկում։

Մեղավոր փնտրելու կարիք չկա. վստահ եմ, որ կանցնի այս շրջանը։ Մենք լուրջ հիմքեր ենք տեսնում նաեւ հոգեւոր կյանքում նոր թռիչքների համար։ Երբ կարողանանք ազատվել առօրյա կենցաղային հոգսերից, ամրապնդել մեր պետականությունը, մեր տնտեսությունը, կարծում եմ՝ այդ իմաստով եւս գոհանալու առիթ կունենանք։

― Ժողովրդի այսօրվա տրամադրություններն, անշուշտ, Ձեզ հայտնի են։ Ի՞նչ ունեք ասելու ի պատասխան։

― Մեր ժողովուրդը միշտ իր մեջ ուժ է գտել դիմանալու դժվարություններին, հնարավորություն է գտել ելնելու բարդ իրավիճակներից։ Հիմա եւս հեշտ չէ, բայց համոզված եմ, այս իրավիճակը նույնպես կհաղթահարվի։ Ժողովուրդները մի յուրահատկություն ունեն՝ տեսնել միայն պահը, տեսնել միայն ժամը եւ ոչ ամենեւին՝ ժամանակի ընթացքը, չասած՝ հավերժությունը։

Չորս տարին ժողովրդի պատմության մեջ վայրկյան է։ Այսօր պետք է սառնասրտորեն գիտակցենք, որ վայրկյաններում պետություն չի ստեղծվում, վայրկյաններում տնտեսու թյուն չի կարգավորվում։ Դա երկար ժամանակի խնդիր է։ Պետք է համբերությամբ լցվենք ու հասկանանք, որ մենք պատմություն ենք կերտում եւ մեր ապագա երջանիկ կամ ծաղկող պետության սոսկ հիմնադիրներն ենք։ Դրա պտուղներն, ըստ երեւույթին, ինքներս չենք վայելելու, այլ մեզնից հետո եկողները։ (Այստեղ նորից չար լեզուները կարող են ծաղրել մեզ, որ կոմունիստներն էլ 70 տարի ժողովրդին կերակրել են երջանիկ ապագայի հույսե