Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն։ Այն ժամանակ, հեռանալով հանդերձ, Ռուսաստանը չճանաչեց անդրկովկասյան պետությունների անկախությունը, իսկ այսօր մեր անկախությունը փաստորեն վավերացվեց Ռուսաստանի կողմից ճանաչման արժանանալու շնորհիվ, որ չափազանց կարեւոր փաստ է հայ-ռուսական երեքհարյուրամյա հարաբերությունների պատմության մեջ։

Այդուհանդերձ, խուսափելով անգամ կայսրության վերականգնումից, Ռուսաստանը վաղ թե ուշ պետք է զգա իր ավանդական ռազմաստրատեգիական շահերը։ Եթե չզգա անգամ, նրան զգացնել կտան, քանի որ, ինչպես ասվեց, վակուումը առանձնահատկություն ունի լցվելու այլ ուժերով, որ Ռուսաստանի համար հանդուրժելի չի կարող լինել։ Նա չի կամենա նախկին կայսրության ծայրամասային տարածաշրջանները թեկուզ որպես ազդեցության ոլորտներ զիջել այլ ուժերի։ Եւ Ռուսաստանը, կարծեք թե, բնազդաբար զգում է այս անհրաժեշտությունը, ուստի կարծում եմ, որ նա կձգտի երկարաձգել իր ներկայությունը, մինչեւ կարողանա լուծել ներքին հարցերը եւ հատուկ քաղաքականություն վարել մեր երկրամասում։

* * *

Իրանի եւ Թուրքիայի նկատմամբ մշակվող հարաբերություններն ընդհանուր առմամբ ձեզ հայտնի են։ Հայաստանի ներկա իշխանությունները սկզբից եւեթ որդեգրել էին այն քաղաքականությունը, որ ցանկացած պետության գոյության ամենահուսալի երաշխիքը նրա բնականոն հարաբերություններն են անմիջական հարեւանների հետ։ Սա մեր արտաքին քաղաքականության հիմնաքարն է։ Մենք չենք կարող հանրապետության անվտանգության երաշխիքների համակարգ ստեղծել՝ հույս դնելով թեկուզ հզոր ու ազդեցիկ, բայց հեռավոր պետությունների՝ Ռուսաստանի, Եւրոպայի կամ Միացյալ Նահանգների վրա։ Մեր խնդիրները մենք նախ եւ առաջ պետք է լուծենք երկրամասում, անմիջական հարեւանների հետ։

Այս առումով Իրանի հետ հարաբերություններում որեւէ բարդություն չի նկատվում։ Ընդհակառակը, կողմերն ունեն նույնիսկ ընդհանուր քաղաքական շահեր, այն էլ՝ պատմական հակասությունների բացակայության պայմաններում, որ չափազանց նպաստավոր հանգամանք է հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում։