Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կորեն, կարելի էր ասել՝ եթե Ադրբեջանն ազգայնացնում է չորս ռուսական դիվիզիաները, ի՞նչն է խանգարում, որ մենք էլ ազգայնացնենք Հայաստանում գտնվող ռուսական բանակի երեք դիվիզիաները։ Բայց խանգարող հանգամանքները շատ էին, մենք չէինք կարող հաշվի չառնել մեր աշխարհաքաղաքական դիրքը եւ մերկացնել մեր սահմանները ռուսական բանակներից։ Այդ իսկ պատճառով մենք բանակցությունների շնորհիվ հասանք նրան, որ այդ երեք դիվիզիաներից երկուսը հանձնվեցին Հայաստանի իշխանություններին, մեկը պահպանվեց որպես ռուսական բանակի ստորաբաժանում, եւ համապատասխան պայմանագրով ճշտվեց այդ դիվիզիայի կարգավիճակը։

Ես կարծում եմ, բանակի ստեղծման հարցում մենք շատ ճիշտ քաղաքականություն էինք ընտրել։ Ես չեմ ընդունում ընդդիմադիր մամուլում արծարծվող ոչ մի մեղադրանք՝ կապված բանակի ստեղծման հարցում հապաղման հետ։ Եթե մենք ընտրեինք ադրբեջանական ճանապարհը, շատ ավելի ծանր կացության մեջ կլինեինք։ Չէինք ունենա այն, ինչ այսօր ունենք, իսկ դրա կողքին մենք կարող էինք ունենալ մեծ կորուստներ, որոնք անդառնալի կարող էին լինել։ Համենայն դեպս, մեր հարաբերությունները չափազանց լավ են Ռուսաստանի հետ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով։ Մենք դժգոհելու առիթ չունենք։

― Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Լեռնային Ղարաբաղում եւ ՀՀ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին։

― Արցախի մասին իմ տեսակետը։ Արդեն մի քանի անգամ նշել եմ, որ Հայաստանի իշխանություններն ամբողջ աշխարհի առջեւ պետք է հանդես գան որպես հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցներ, բայց հանդես գան ոչ թե դեկլարատիվ, լոզունգային ձեւով, այլ իրենց կառուցողական գործունեությամբ եւ առաջարկություններով։ Այսօր, այս բոլոր դժվարություններից եւ հակամարտություններից հետո, մենք հանգել ենք այն եզրակացության, որ բանակցությունները կարող են արդյունք տալ միայն այն դեպքում, եթե մեզ հաջողվի առանց վերապահության, առանց նախապայմանների զինադադար հաստատել Ադրբեջանի հետ։ Պետք է ասել, որ մեր պարտնյորներն այս հարցում համաձայն են մեզ հետ։ Համենայն դեպս, մեր բոլոր շփումների ընթացքում ե՛ւ ԵԱՀԽ-ի շրջանակներում, ե՛ւ առանձին երկրների՝ Ռուսաս