Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Որքանո՞վ է մամուլը նպաստել կամ խոչընդոտել Ձեր վարած քաղաքականությանը։

― Որքանո՞վ է մամուլն օգնել իմ վարած քաղաքականությանն այս մեկ տարում։ Մի քիչ դժվար է պատասխանել այս հարցին։ Ես աշխատում եմ չկտրվել մամուլից, դրանում ինձ օգնում է մամուլի գծով քարտուղարը։ Եթե ժամանակ է լինում, հետեւում եմ մամուլին։ Ուսանելի շատ բաների էլ եմ հանդիպում, զայրացուցիչ նյութերի էլ։

Ինձ չեն զայրացնում որակումները, մեղադրանքները, վարկաբեկումները։ Դրանք պարզապես խոսում են հեղինակների քաղաքական կուլտուրայի մասին։ Ժամանակի հարցէ։ Ես կարծում եմ, ազատ մամուլն ինքը ժամանակին կթելադրի իր պահանջները, կբարձրանա նաեւ քաղաքական բանավեճի կուլտուրան, մեր հասարակական պայքարի կուլտուրան։ Ինձ զայրացնողը միայն մեկ բան է. փաստերի աղավաղումը։ Դժբախտաբար, նման դեպքերի շատ եմ հանդիպում։ Երբ պատմական փաստերն են կեղծվում, դա դեռ գուցե հասկանալի է, որովհետեւ դրանք հեռու ժամանակներին են վերաբերում եւ շատ-շատերին, ըստ երեւույթին, ծանոթ չեն։ Բայց երբ այսօրվա փաստերն են կեղծվում, երբ երեկվա ելույթը այսօր ներկայացվում է բոլորովին այլ կերպ, սա արդեն զայրացուցիչ է։ Չգիտեմ, այդ հրապարակագիրը դրանով ինչ է շահում։ Ոչինչ։ Դրանք անմիջապես հերքվում են։ Նրանց հույսն արդյո՞ք ժողովրդի կարճ հիշողությունն է։

Ես կարդում եմ, հետեւում եմ մամուլին, դա ինձ առնվազն օգնում է, չի խանգարում։ Եթե անգամ համաձայն չեմ ինչ-որ տեսակետների, ինչ-որ քննադատությունների հետ, մեկ է՝ դրանք ինձ օգնում են զգալու մեր հասարակական-քաղաքական մտքի ջիղը։ Դա չափազանց անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվելու եւ ճիշտ շեշտադրումներ կատարելու համար։

― Ավարտվա՞ծ է, արդյոք, պետական կառույցների շինարարությունը։

― Ես չեմ համարում, որ մեր կառավարության կառուցվածքը վերջնական է, մանավանդ՝ տնտեսական բարեփոխումներին զուգընթաց, մի շարք նախարարություններ պարզապես կարող են վերանալ։ Օրինակ, եթե առեւտուրը սեփականաշնորհվի, ըստ երեւույթին այդ նախարարությունը կվերանա, նույնը եւ թեթեւ արդյունաբերությանն է վերաբերում։