Ազատ գների քաղաքականության իրականացումը, լինելով կարեւոր պայման նոր տնտեսական հարաբերությունների արմատավորման համար, այնուհանդերձ ծնել է նաեւ մի շարք լուրջ խնդիրներ, որոնք խելամիտ կարգավորման անհրաժեշտություն ունեն։
Գլխավոր հարցը բնակչության սոցիալական վիճակի աննախադեպ վատթարացումն է։ Ապրանքների գների ու ծառայությունների սակագների ամփոփ ինդեքսի աճը տարվա հաշվարկով կազմում է մոտ 10, իսկ միջին աշխատավարձինը` 4 անգամ։ Ընդհանուր կենսամակարդակի անկմանը զուգընթաց ոչ ցանկալի ու վտանգավոր երանգավորում է ստանում սոցիալական շերտավորումը, որի հետեւանքով իրավիճակի ընդհանուր ծանրությունը ոչ թե հավասարաչափ ընկնում է ամբողջ ազգաբնակչության, այլ առավել անապահով խավերի վրա։
Ուստի հրատապ անհրաժեշտություն է դառնում կանխել բնակչության վճարունակ պահանջարկի կտրուկ անկումը, հաշվեկշռել գների ու դրամական եկամուտների աճը։ Հատկապես ծանր է թոշակառուների, երեխաների, հաշմանդամների, ուսանողների, բազմազավակ ընտանիքների, գործազուրկների, առողջապահության, մշակույթի, կրթության ու գիտության ոլորտի աշխատողների վիճակը, որի թեթեւացումը գոնե տեսանելի ապագայում կապված է աշխատավարձերի ինդեքսավորման խիստ տարբերակված քաղաքականության իրականացման հետ։
1992 թվականին 4 փուլով կատարվել է նվազագույն աշխատավարձի ինդեքսավորում` ապահովելով 4, 3 անգամ աճ։ Երեխաներին տրվող բազմազան նպաստների եւ փոխհատուցման գումարների համակարգից անցում կատարվեց նպաստների վճարման միասնական համակարգի` լրացուցիչ արտոնություններ սահմանելով 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների, որբ երեխաների համար։ Վերացվեց նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների միջեւ եղած տարբերությունը` նվազագույն կենսաթոշակների չափը 5 անգամ ավելացնելու հաշվին։
Ընդհանուր մոտեցումը եղել է սոցիալապես առավել անապահով խավերի համար գոնե նվազագույն կենսամինիմումի ապահովումը։ Սակայն այստեղ նույնպես լուծումները դեռեւս գոհացուցիչ չեն, եւ պետք է ձեռնարկել ավելի հստակ եւ գործուն միջոցառումներ։ Նախատեսվում է նաեւ ամբողջ հանրապետության մասշտաբով հստակ կա