տասխանատվությունից եւ այն բարդել ընդդիմության կամ արտաքին գործոնների վրա։ Նման հարցադրումն ինձ համար ի բնե ծիծաղելի է. ծիծաղելի այն պարզ պատճառով, որ մարդկային պատմության մեջ ոչ մի մահկանացուի չի հաջողվել խուսափել եթե ոչ արդարադատությունից, ապա գոնե պատմության դատաստանից։
Եթե ժողովուրդն իր քվեներով իշխանությունն անվերապահորեն հանձնել է ՀՀՇ-ին ու նրա ներկայացուցիչը հանդիսացող Հանրապետության Նախագահին, ապա ո՞վ կարող է առարկել, որ ներկա իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է նրանց ուսերին։ Այլ հարց է, թե ով ինչպես է գնահատում իրավիճակը, արդյոք չե՞ն շեշտվում նրա որոշ կողմերը եւ անտեսվում մյուսները, կամ` հակառակը։
Ընդդիմության իրավունքն է, բայց նաեւ նրա բարոյականության չափանիշը, անտեսել առարկայական գործոնները եւ բոլոր անհաջողություններն ու դժվարությունները վերագրել իշխանություններին, մանավանդ եթե նա համոզված է, որ դրանով նպաստում է պետության ամրապնդմանը եւ ազգային շահերի պաշտպանությանը։
Բայց նաեւ իշխանությունների եւ ՀՀՇ-ի իրավունքն է, չխուսափելով հանդերձ պատասխանատվությունից, իր բացատրությունները ներկայացնել ժողովրդին, եւ, կախված այն բանից, թե կբավարարե՞ն նրան, արդյոք այդ բացատրությունները,
ժողովուրդը ցույց կտա իր վերաբերմունքը հաջորդ ընտրություններում։
Բոլոր քաղաքակիրթ եւ իրավական պետություններում, որպիսին հավակնում է լինել նաեւ Հայաստանը, սա՛ է ժողովրդական դատաստանի իրականացման միակ եղանակը։
Ընտրություններում է միայն, որ վերջնական հաշվեկշռի են ենթարկվում հաջողություններն ու անհաջողությունները, առարկայական եւ ենթակայական գործոնները, վերջին հաշվով՝ պատասխանատվության չափը։
2. ՀՀՇ-ին ներկայացվող հաջորդ մեղադրանքն այն է, թե իբր նա, չարաշահելով Ղարաբաղյան շարժման լիցքը, մոլորեցնելով «խեղճ» ժողովրդին եւ օգտվելով նրա «տգիտությունից» ու անփորձությունից, անօրինաբար տիրել է իշխանությանը եւ վերածվել «իշխող խմբակցության», այլ կերպ ասած՝ խունտայի, թայֆայի եւ այլն։