վետների բացարձակ իշխանությունը, իսկ ՀՀՇ-ն նույնպիսի հետեւողականությամբ ձախողում է բոլոր նման փորձերը։
Սակայն երբ խնդրին մոտենում ենք Գերագույն խորհրդի բուն՝ օրենսդրական գործունեության տեսանկյունից, պարզվում է լիովին հակառակը։ Անցած երեք տարվա ընթացքում Գերագույն խորհրդի բոլոր օրենքներն ու կարեւոր որոշումներն ընդունվել են միայնումիայն ՀՀՇ-ի, անկախ պատգամավորների, մասամբ` կոմունիստական, ագրարային եւ ռամկավար-ազատական խմբակցությունների ջանքերով։ Դաշնակցությունը եւ ԱԺՄ-ն, որպես կանոն, միշտ դեմ են եղել այդ օրենքներին ու որոշումներին, իսկ հաճախ ընդհանրապես չեն մասնակցել քվեարկություններին։
Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ ՀՀՇ խմբակցությունը լուրջ, կառուցողական մոտեցում հանդես բերեց նաեւ Գերագույն խորհրդի բարեփոխման` այնքան խոսակցությունների առարկա դարձած օրինագծի ընդունման հարցում։ Օրինագծի ընդունումը նորից խափանվեց դաշնակցության, ԱԺՄ-ի եւ կոմունիստների կողմից` այն պատճառաբանությամբ, թե իբր այն նոր լիազորություններ է տալիս Հանրապետության Նախագահին։ Խոսքը վերաբերում է Գերագույն խորհրդի որոշումների նկատմամբ Նախագահի վետոյի իրավունքին։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նախագահն իսկապես նոր լիազորություն է ձեռք բերում, բայց միայն առաջին հայացքից։ Իսկ իրականում, ինչպես այսօր Գերագույն խորհրդի որոշումներն ընդունվում են 125 ձայնով, Նախագահի վետոն նույնպես պետք է հաղթահարվեր 125 ձայնով, այսինքն ոչինչ չէր փոխվում։ Ընդդիմության նման դիրքորոշման բուն պատճառը, սակայն, այն էր, որ ՀՀՇ-ի եւ այլ պատգամավորական խմբերի պաշտպանած օրինագիծը զգալիորեն հեշտացնում էր օրենքների ընդունման գործը. մի նպատակ, որ ամենեւին չի մտնում դաշնակցության եւ ԱԺՄ-ի հաշվարկների մեջ։
Թե որն է, ուրեմն, Խորհրդարանում ընթացող կառուցողական աշխատանքը, թող ժողովուրդը դատի։
5. Եւս մեկ ծանրակշիռ մեղադրանք. ՀՀՇ-ն եւ հանրապետության ներկա իշխանությունները քայքայեցին Հայաստանի տնտեսությունը, ժողովրդին հասցրին չքավորության եզրը` ուրանալով կոմունիստների