Էջ:Ընտրանի.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարդությունները` տնտեսական շրջափակումները, մատակարարման խափանումները, արդյունաբերության անկումը, սոցիալական դժվարությունները սոսկ այս խնդրի ածանցյալն են։ Ուստի քանի դեռ չի լուծված արցախյան կնճիռը, Հայաստանի բնականոն զարգացումը հարցական է, եթե չասենք` անհնար։

Ղարաբաղյան հակամարտությունն այսօր ընդհուպ մոտեցել է իր ճգնաժամային սահմանագծին, որ հղի է միաժամանակ թե՛ պայթյունալի հանգուցալուծմամբ, թե՛ խաղաղության հաստատման բացառիկ հնարավորությամբ։ Հակամարտող կողմերի` Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքական կամքի դրսեւորումից, միջազգային հանրության օբյեկտիվ հետեւողականությունից է կախված, թե ինչպես կօգտագործվի այդ հնարավորությունը, որպիսին չի եղել ո՛չ անցյալում, ո՛չ էլ, թերեւս, կլինի ապագայում։

Մեզ համար մանավանդ կարեւոր է գիտակցել այն ակնհայտ ճշմարտությունը, որ այսօր, ավելի քան երբեւէ, խաղաղությունը կախված է հայկական կողմի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումից, որ հսկայական պատասխանատվություն է դնում մեզ վրա։ Անտեսել այս ճշմարտությունը եւ դրանով փորձել խուսափել պատասխանատվությունից` կնշանակեր դրսեւորել միամիտ ու աններելի քաղաքական անհեռատեսություն եւ Հայաստանն ու Ղարաբաղը ենթարկել լուրջ վտանգների։

Խաղաղությունը չափազանց մոտ է, եւ մոտ է այնքանով, որ ուժերի հարաբերակցության ներկա դրությամբ առաջին անգամ ստեղծված է փոխզիջման իրական հնարավորություն, քանի որ առաջին անգամ կողմերն ունեն սակարկության հավասարարժեք լծակներ։ Փոխզիջման այս հնարավորությունն է, ահա, որ ինքնին խաղաղությունը ձեռնտու է դարձնում միաժամանակ թե՛ ադրբեջանական, թե՛ ղարաբաղյան կողմի համար։

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ կատարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 եւ 853 բանաձեւերի պահանջներն ու ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի խաղաղարար ծրագիրը, սակայն ներկայացնելով մի քանի կարեւոր առաջարկություններ, որոնք հանգում են հետեւյալին.