Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վությունը հայ ժողովուրդը դրսեւորել է ոչ միայն զանգվածային ցույցերի, միտինգների եւ գործադուլների միջոցով, այլեւ կենսագործել սոցիալ-քաղաքական հույժ կարեւորություն ներկայացնող կոնկրետ քայլերով։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ ժողովրդի պահանջով եւ ոչ թե վերեւից իջեցված հրահանգներով մարզային եւ հանրապետական գերագույն իշխանությունների նստաշրջաններ են գումարվել Ղարաբաղում եւ Հայաստանում։ Երկրի պատմության մեջ, նույնպես առաջին անգամ, հայ ժողովրդի կողմից առաջադրված դեպուտատական թեկնածուներն ընտրություններում պարտության են մատնել նոմենկլատուրային հիմունքներով առաջադրված թեկնածուներին։ Սրանք ժողովրդական լայն խավերի ձեռք բերած այն առաջին նշանակալից նվաճումներն են, որոնք նախանշում են ինչպես մեր հանրապետության, այնպես եւ ողջ երկրի զարգացման հետագա ընթացքը։

Ի՞նչն է, սակայն, կենտրոնական իշխանություններին խանգարում տեսնելու այս ամենը եւ ըստ արժանվույն գնահատելու հայ ժողովրդի խոշոր ներդրումը վերակառուցման քաղաքականության իրականացման գործում։ Այս հարցին կարելի է տալ երկու հնարավոր պատասխան. Կամ՝ կենտրոնական մարմիններն իրենք դեռեւս չեն մաքրվել հակավերակառուցողական տարրերից, որի ապացույցը թերեւս պետք է համարել ՍՄԿԿ կենտկոմի վեց բարձրաստիճան ղեկավարների վերջերս տեղի ունեցած անակնկալ պաշտոնանկությունը, եւ կամ՝ վերակառուցման կողմնակիցները դեռեւս չեն թոթափել անցյալից եկող հրահանգավորված եւ համապատասխան շրջանակների մեջ դրված ժողովրդավարություն սահմանելու մտայնությունը։ Այդ իսկ պատճառով, հակառակ զանգվածների հասարակական ակտիվությունը բարձրացնելու կոչերին, առայժմ խիստ դիմադրություն է ցույց տրվում վերակառուցման առաջընթացին նպաստող ներքեւից կատարված բոլոր քայլերին։ Այս ամենը, սակայն, չպետք է տարակուսանք առաջացնի երկրի որդեգրած ներկայիս քաղաքականության անշրջելիության նկատմամբ, քանի որ Խորհրդային Միությունն այլ ճանապարհ չունի, քան լիակատար ժողովրդավարության հաստատումն ու իրավական պետություն դառնալու անհրաժեշտությունը։

Իր ութամսյա գիտակցական պայքարով հայ ժողովուրդը հաջողությամբ դիմագրավել եւ հերքել է Ղարաբաղյան շարժումը վարկաբեկող