Էջ:Ընտրանի.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա ունի Նախագահ, թե ոչ։ Իրավաբանական նրբություններն այստեղ որեւէ դեր չեն խաղում։

Ձեւական տեսակետից խորհրդարանական հանրապետություններում խախտված է իշխանությունների տարանջատման թեեւ ոչ բացարձակ, բայց համենայն դեպս հիմնարար սկզբունքը, քանի որ գործադիր իշխանությունը համարյա ամբողջությամբ կախված է օրենսդիր իշխանությունից։ Ձեւական կողմն, իհարկե, նշանակություն չէր ունենա, եթե այդ կախվածությունը որեւէ բացասական ազդեցություն չգործեր կառավարման համակարգի կենսունակության եւ՝ օրենսդիր ու գործադիր իշխանությունների գործունեության արդյունավետության վրա։

Ոչ ոք չի կարող ժխտել, իհարկե, խորհրդարանական համակարգի կենսունակությունը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել նաեւ, որ խորհրդարանական համակարգը կենսունակ է միայն այն պետություններում, որտեղ պատմականորեն ձեւավորված են մեկ կամ առավելագույնը երկու-երեք լուրջ, զանգվածային կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրն ընդունակ է կազմել խորհրդարանական մեծամասնություն եւ դրա շնորհիվ ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը։ Իսկ խայտաբղետ, բազմակուսակցական խորհրդարանների ընտրության դեպքերում խորհրդարանական համակարգը հանգեցնում է թույլ կոալիցիոն կառավարությունների ձե ւավորմանն ու հարատեւ ներքին ցնցումների, որոնք շատ հաճախ ավարտվում են պետական հեղաշրջումներով եւ բռնատիրությամբ, կամ ոչ հազվադեպ՝ նաեւ օտար միջամտությամբ։

Խորհրդարանական համակարգի հաստատման դեպքում, իմ խորին համոզմամբ, Հայաստանին սպասում է, ահա, այս տխուր եւ ազգակործան ճակատագիրը, որովհետեւ մեզ մոտ մեկ կամ երկու-երեք լուրջ զանգվածային կուսակցություններ կարող են ձեւավորվել լավագույն դեպքում միայն տասնյակ տարիներ հետո։

Ավելորդ եմ համարում այս համոզումը հիմնավորել պատմական փաստերով, որոնք անչափ առատ են։ Թերեւս արժե այդ առումով հիշեցնել միայն Հայաստանի առաջին հանրապետության փորձը, որի գոյության երկուսուկես տարիների ընթ ացքում փոխվեց չորս կառավարություն։ Կարծում եմ, դեռեւս չեն մոռացվել նաեւ ետկոմունիստական Հայաստանի պատմության առաջին տասներեք ամիսները, որոնք պետք