Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է գնահատվեն որպես հանրապետության խորհրդարանի եւ կառավարության առճակատման ամենաթեժ ժամանակաշրջան, որովհետեւ կարճատեւ միջոցում նախ խորհրդարանը կամովին զրկվեց կառավարության ձեւավորման լիազորությունից, իսկ այնուհետեւ հերթը հասավ կառավարության հրաժարականին։

Այսպիսով, ըստ ամենայնի, առնվազն առաջիկա մի քանի տասնամյակների հեռանկարում Հայաստան ի Հանրապետությունում կառավարման նախագահական համակարգն այլընտրանք չունի։ Եթե անգամ հանգամանքների բերումով Հայաստանում վերականգնվի խորհրդարանական կառավարումը, ապա միեւնույն է, մի քանի տարի հետո մեր հանրապետությունը կրկին վերադառնալու է նախագահական համակարգին, բայց անհուն զրկանքների ու անհամար վնասների գնով։ Վստահ եմ սակայն, որ մեր ժողովուրդը թույլ չի տա այդ անհեթեթ սխալը։

Ասվեց արդեն, որ որեւէ պետության կառավարման համակարգի կենսունակությունը պայմանավորված է նրանով, թե որքանով է այն ապահովում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների արդյունավետ գործունեությունն ու երրորդ՝ դատական իշխանության անկախությունը։

Խորհրդարանի եւ կառավարության արդյունավետ գործունեությունն ապահովող եւ միմյանց լիովին հակակշռող հստակ մեխանիզմների մշակումից բացի, Սահմանադրական հանձնաժողովի նախագիծն, ըստ իս, հաջողությամբ լուծել է դա տական իշխանության անկախության ապահովման խնդիրը։

Դատական իշխանության անկախության հիմնական երաշխիքն, ըստ այդ նախագծի, դատավորի անփոփոխելիության կարգավիճակն է։ Այդ երաշխիքը զգալիորեն ամրապնդված է նաեւ դատական իշխանության համակարգում երկու նոր ինստիտուտների՝ Արդարադատության խորհրդի եւ Սահմանադրական դատարանի ներմուծմամբ, որոնք համամասնական հիմունքներով ձեւավորվում են Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից։

Արդարադատության խորհուրդն է Հանրապետության Նախագահին առաջարկում Գերագույն դատարանի նախագահի, տեղակալների, Գերագույն դատարանի անդամների թեկնածությունները, եզրակացություն տալիս, դատավորների թեկնածությունների եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ։