Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ ոք զուր հույսեր չփայփայի, թե ստահոդ լուրերով, ասեկոսեներով ու բամբասանքներով կարող է պղտորել մարդկանց մտքերը եւ սեպ խրել մեր ժողովրդի երկու հատվածների միասնության մեջ։

Յուրաքանչյուր հայի գնահատման չափանիշն այսօր նրա բերած ավանդն է ազգային պետականության ամրապնդման գործին՝ անկախ այն բանից, թե ով է այդ պետականության իշխանության գլուխ։ Ցանկացած վերապահություն այդ ավանդը ներդնելու խնդրում, հոգ չէ թե առերեւույթ ինչպիսի համոզիչ փաստարկներով համեմված, ընդամենը պարզ ամբոխավարություն է եւ փոքրոգի դասալքություն։ Հայոց ազատ ու անկախ պետականությունը, սակայն, այն հզոր ձգողական ուժն է, որը շուտով, համոզված եմ, դարձի կբերի անգամ ինչ-ինչ պատճառներով առայժմ վերապահություն դրսեւորող տարրերին։

Համայն հայության իղձերի իրականացման՝ Հայոց պետականության կայացման եւ Արցախի ազատագրման գործում այսօր տեղի է ունենում աշխատանքի ու զոհաբերության բնական բաժանում։ Հանուն ազգային ազատագրության մաքառող Արցախը զոհում է իր քաջարի զավակների կյանքն ու արյունը։ Անկախ գոյության սեփական երաշխիքները կերտող Հայաստանի բնակչությունը պատերազմի եւ շրջափակումների հետեւանքով ենթարկվում է ծանր զրկանքների ու փորձությունների։ Իսկ Հայաստանի անկախությամբ ու արցախյան հերոսամարտով իր ազգային արժանապատվությունը վերագտած սփյուռքահայությանը բաժին է ընկնում բարոյական, քաղաքական եւ նյութական մասնակցությունը։ Ուստի ակնհայտ է, որ վերջնական հաղթանակը կախված է մեր ազգի այս երեք հատվածներից յուրաքանչյուրի՝ սեփական պարտքը կատարելու փութաջանությունից։ Որեւէ թերացում երեք ճակատներից մեկում կարող է եթե ոչ անպայման վիժեցնել ազգային իղձերի իրականացումը, ապա, անկասկած, հանգեցնել նոր կորուստների ու զրկանքների։

Հայաստանի ու Արցախի տնտեսության վերականգնման գործում սփյուռքահայության նյութական օժանդակությունը ապահովելու խնդրին է ուղղված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, որը Հայ Առաքելական Եկեղեցու եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողքին արդեն իսկ, փաստորեն, դարձել է երրորդ համահայկական հաստատությունը՝ իր մասնաճյուղերն ունենալով թե՛