Այսօր մենք ամենայն հպարտությամբ եւ արժանապատվությամբ կարող ենք ազդարարել. - Հայաստանն ամենակայուն,ամենաժողովրդավարական եւ ամենաազատական պետությունն է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների շարքում։ - Հայաստանն այդ նույն շարքում նաեւ միակ պետությունն է, որտեղ կասեցված են տնտեսության անկումը եւ դրամի արժեզրկումը, որտեղ իրականացվում են համակարգված տնտեսական բարեփոխումներ, որոնց շնորհիվ արդեն դրսեւորվում են նաեւ տնտեսական աճի հուսադրող միտումներ։ - Հայաստանն իր հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, միջազգային կազմակերպություններում ներդրած կառուցողական ջանքերի եւ բազմաթիվ երկրների հետ հաստատած փոխշահավետ հարաբերությունների շնորհիվ ոչ միայն կարողացավ հաղթահարել քաղաքական եւ տնտեսական ճգնաժամային երեւույթները, այլեւ էականորեն ամրապնդել ազգային անվտանգությունը։ Այս տեսակետից մենք այսօր շատ ավելի ապահով ենք, քան անկախության ձեռքբերման սկզբնական շրջանում։ - Ավելի քան երբեւէ ամուր, ապահով եւ հզոր է նաեւ հերոսական Արցախը, որի իղձերի վերջնական իրականացումը կախված է միայն ու միայն ողջ հայ ժողովրդի միասնական կամքի ու կորովի անմնացորդ դրսեւորումից։
Այս ամենը թույլ է տալիս ամենայն պատասխանատվությամբ հայտարարել՝ թե՛ ապահովական, թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական տեսակետից մեր բոլոր դժվարություններն արդեն մնացել են ետեւում, իսկ առջեւում թեեւ դեռ մեզ սպասում է տքնաջան աշխատանք, բայց՝ հստակ ճանապարհ եւ կանխատեսելի հեռանկար։ Ուստի միանգամայն վստահ եմ, որ այս ոգեւորիչ պայմաններում գումարված Ազգային եկեղեցական ժողովը, լիովին համահունչ դառնալով ներկա մթնոլորտին, պատվով կկատարի իր առջեւ դրված պատասխանատու խնդիրը, որը պատմական հանգամանքների բերումով ակնհայտորեն վաղուց դուրս է եկել զուտ եկեղեցական սահմաններից՝ վերածվելով հիրավի համազգային բախտորոշ խնդրի։