ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ
Մեծարգո նախագահ,
Մեծարգո ներկաներ,
Այս օրերին հայ ժողովուրդը, նշելով իր ազգային ողբերգության 80-ամյակը եւ գլուխ խոնարհելով 1,5 միլիոն նահատակների սուրբ հիշատակի առջեւ, մեկ անգամ եւս հավաստում է ապրելու իր անկոտրում կամքը եւ ժողովուրդների համաշխարհային ընտանիքում իր արժանի տեղն զբաղեցնելու վճռականությունը։
Հայաստանի մայրաքաղաքում գումարված միջազգային այս գիտաժողովն ըստ այդմ մենք դիտում ենք նախ՝ որպես հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ երկրորդ՝ որպես բարեկամության ցույց մեր նորանկախ պետականության նկատմամբ։
Խորապես գնահատելով ձեր պրոֆեսիոնալիզմն ու իրազեկությունը, ես չեմ հանդգնի մտնել Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական եւ իրավագիտական բարդ խնդիրների հորձանուտը, այլ պարզապես կբավարարվեմ մի քանի հայտնի ճշմարտությունների արձանագրմամբ, որը, իմ կարծիքով, հույժ անհրաժեշտ է արդի հայ հասարակության քաղաքական գիտակցության ձեւավորման տեսակետից։
Պատմական փորձի ռացիոնալ յուրացման եւ անցյալի սխալները չկրկնելու առումով, կարծում եմ, ժամանակն է իրերը գնահատել սառը դատողությամբ՝ հրաժարվելով զգացական ընկալումներից եւ հոգեբանական պայմանականություններից։