Էջ:Ընտրանի.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Հայոց ցեղասպանությունն անտեղի է բացատրել հայ եւ թուրք ժողովուրդների կրոնական, էթնիկական, ռասայական անտագոնիզմով կամ տնտեսական եւ սոցիալական մրցակցությամբ, քանի որ Օսմանյան կայսրության մեջ ձեւավորված modus vivendi-ն դարերի ընթացքում, համենայն դեպս, կարողացել էր ապահովել նրանց քիչ թե շատ խաղաղ համակեցությունը։ Ճիշտ է՝ այդ համակեցությունը հիմնված էր կայսրության մահմեդական եւ քրիստոնյա ժողովուրդների ամենեւին ոչ իրավահավասար դրության վրա, բայց պետությունը, համենայն դեպս, երաշխավորում էր որոշակի հավասարակշռություն։

Հայոց ցեղասպանությունը զուտ քաղաքական ծրագիր էր՝ թելադրված Օսմանյան կայսրության կոնկրետ պետական շահերից։

Բալկանյան ժողովուրդների ազատագրումից հետո հայկական հարցը եւրոպական գերտերությունների կամքով մտավ միջազգային քաղաքականության ոլորտը՝ ձեւակերպվելով Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածում որպես Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման ծրագիր։

Թուրքիայի համար այդպիսով պարզ դարձավ, որ եւս մեկ պատերազմ՝ եւ նա կորցնելու է նաեւ Հայաստանը։ Դրանից խուսափելու միակ միջոցը հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, որ թուրքական իշխանությունները մեթոդիկ կերպով իրականացրեցին 1878–1915 թվականների ընթացքում։

Հայ ժողովրդի բնաջնջման ծրագրի մտահղացման, մշակման եւ իրագործման ողջ պատասխանատվությունն ըստ այդմ կրում են սուլթան Համիդը եւ երիտթուրքերի կառավարությունը։

2. Եւրոպական գերտերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ռուսաստանը 1878–1914 թվականների ընթացքում ոչ միայն որեւէ գործնական քայլ չկատարեցին Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների ծրագրի իրականացման ուղղությամբ, այլեւ իրենց անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար։ Այսինքն՝ հայկական հարցի միջազգայնացմամբ գրգռելով օսմանյան իշխանություններին, գերտերություններն իրենց հոգնություն չպատճառեցին վայրկյան անգամ մտածել հայ ժողովրդի ֆիզիկական