կան հասարակություններից շատերին բաժին ընկած ներքին ցնցումներից եւ դառը փորձություններից։ Պետության կայացման առաջնահերթ խնդրի կողքին ես ուզում եմ հավասարապես կարեւորել նաեւ Սահմանադրության մեջ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների գերակայության ամրագրումը, որը մեր ժառանգած իրականության խորքային շերտում հիմնովին փոխում է պետություն – քաղաքացի, հասարակություն – անհատ հարաբերությունների ողջ փիլիսոփայությունը։ Պետաիրավական այս կտրուկ շրջադարձը ենթադրում է, անշուշտ, նաեւ պատմականորեն ձեւավորված հոգեբանական պայմանա կանությունների հաղթահարման մի ծանր շրջան, որը կարող է տեւել երկար տարիներ։
Սահմանադրության ընդունումն, այսպիսով, ավարտը դառնալով մեր պատմական զարգացման մի կարեւոր հանգրվանի, միաժամանակ սկիզբն է մարմնավորում թերեւս ոչ պակաս կարեւոր, գուցե եւ ավելի պատասխանատու ժամանակաշրջանի։
Մեր ազգային պարտքն է՝ լիովին կյանքի կոչել Սահմանադրության հիմնարար սկզբունքները՝ ի կերտումն հիրավի ինքնիշխան, իրավական պետության, արդար, քաղաքացիական հասարակության եւ ապահով, բարեկեցիկ կյանքի։
Գալով Ազգային ժողովի ընտրության առիթին, նախ եւ առաջ պարտք եմ համարում մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի բոլոր անդամներին, ովքեր անցման շրջանի դժվարագույն տարիներին քայլ առ քայլ դրին նորանկախ պետության հաստատուն հիմքերը, ստեղծեցին օրենսդրական այն անհրաժեշտ դաշտը, որն ապահովեց հանրապետության կայունությունն ու բնականոն կենսագործունեությունը։
Բոլոր հայտնի վերապահումներով ու թերակարծություններով հանդերձ, այսօր իսկ, սակայն, արդեն ակնհայտ է, որ առաջին խորհրդարանին վիճակված էր պատմական դեր խաղալ Հայոց պետականության վերականգնման, ժողովրդավարական կարգերի հաստատման եւ տնտեսական բարեփոխումների իրականացման գործում՝ մի դեր, որն, ըստ էության եւ ամբողջ տարողությամբ դեռեւս գնահատվելու է հետագայում՝ քաղաքական կրքերի հանդարտումից եւ կոնյունկտուրային նկատառումների վերացումից հետո։