Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ գիտակցաբար։ Տառապեց՝ բայց դիմացավ, նեղսրտեց՝ բայց տոկաց, քանզի վեհ էր նպատակն ու անսակարկելի։

Ժամանակից առաջ ընկնելով, կարծում եմ, արդեն իսկ իրավունք ունենք սա համարելու անօրինակ սխրագործություն, որն արժանանալու է սերունդների անմնացորդ ակնածանքին։ Եւ քանի որ չկա սխրագործություն, որ չհատուցվի, չկա ազնիվ ջանք, որ արդյունք չտա, չկա քրտնոռոգ ածու, որ ծիլ չարձակի, մեր ժողովրդի գործադրած ահռելի ճիգն էլ, անկասկած, պետք է տար իր պտուղները։

Ուստի պատահական չէր, որ 1995 թվականը դարձավ պտղաբերության առաջին տարին. հունձքը թեեւ համեստ, բայց հուսադրող։

Իշխանության մարմինների, արդյունաբերողների, գյուղական աշխատավորության, գործարար աշխարհի հանդարտ, տքնաջան աշխատանքի շնորհիվ, կարելի է ասել, ժողովրդի կյանքն այս տարի աստիճանաբար մտավ բնականոն հունի մեջ՝ իր առօրյա հոգսերով ու դժվարություններով, բայց կանխատեսելի ընթացքով։ Տեղի չունեցավ որեւէ ցնցում՝ կապված դրամի կուրսի, սղաճի, գների փոփոխության, ապրանքների բացակայության կամ տնտեսական բնույթի այլ երեւույթների հետ։

Տնտեսական կայունացման գործում, անշուշտ, իր վճռական դերը խաղաց միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ մշակված Հայաստանի սոցիալ -տնտեսական զարգացման 1995թվականի համալիր ծրագիրը՝ ի չիք դարձնելով նրա իրագործման հետ կապված բոլոր հոռետեսական գուշակությունները։

Տնտեսական կայունացման միտումների ամրապնդումից եւ մակրոտնտեսական հավասարակշռության վերականգնումից բացի, 1995թվականը Հայաստանի տնտեսական կյանքում նշանավորվեց նաեւ մի շարք կենսական ձեռնարկումների իրականացման առումով։ Շահագործման հանձնվեցին Մեծամորի ատոմակայանը, Հերհերի ջրամբարը, Արաքսի կամուրջը, Տավուշ – Իջեւան ճանապարհը, ռազմարդյունաբերական համալիրի մի քանի արտադրամասեր եւ այլն։

Ուզում եմ հատկապես գնահատել ատոմակայանի վերականգնման պատասխանատու ծրագրին մասնակցած բոլոր մասնագետների, գիտնականների, շինարարների բարձրորակ աշխատանքը, որի շնորհիվ Հայաստանը մասամբ վերականգնեց իր էներգետիկ անկախությունը։ Այդ