- Լեռնային Ղարաբաղի կողմից իր անկախության եւ հուսալի անվտանգության ապահովումը։
Առկա նվաճումների կողքին, սակայն, նույն ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է նաեւ ցավալի կորուստներ.
- պատերազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տված շուրջ 5000 զոհերը եւ նույնքան հաշմանդամները. - Հայաստանի տնտեսության եւ բնակչության կենսամակարդակի լուրջ անկումը, հումքային եւ էներգետիկ ճգնաժամը. - Հայաստանից շուրջ 400000 քաղաքացիների մշտական կամ ժամանակավոր արտագաղթը. - Շահումյանի շրջանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների որոշ հատվածների, Արծվաշենի կորուստը։
Ճիշտ է՝ կորուստների իմաստով, սկսած 1993–94 թվականներից, վիճակն սկսել է բարելավվել,– կասեցվել է տնտեսության եւ բնակչության կենսամակարդակի անկումը, նվազել է արտագաղթը եւ սկիզբ առել ներգաղթի գործընթացը, երկամյա զինադադարի շնորհիվ խնայվել է շատերի կյանքն ու առողջությունը, կորցրած տարածքների փոխարեն Լեռնային Ղարաբաղն զբաղեցրել է իր անվտանգությունն ապահովող շատ ավելի ընդարձակ տարածքներ,– այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններն այդ կորուստների համար մտադիր չեն խուսափել իրենց բաժին պատասխանատվությունից։ Իսկ թե որքանով են այդ կորուստներն առարկայական, եւ որքանով կախված իշխանությունների անմիջական գործունեության արդյունքից՝ մնում է վճռել ժողովրդին եւ պատմությանը։
Ունենալով որոշ դերակատարություն ձեռքբերված նվաճումների մեջ եւ լիովին գիտակցելով պատասխանատվության իմ բաժինը կորուստների հարցում, ինձ իրավունք եմ վերապահում հայցել ժողովրդի վստահության կրկնական քվեն՝ առաջիկա հինգ տարիներին Հանրապետության Նախագահի պաշտոնը վարելու պատրաստակամությամբ։ Միաժամանակ հարկ եմ համարում ներկայացնել գործողությունների այն ծրագիրը, որը դառնալու է ապագա Նախագահի գործունեության հիմնական ուղենիշը, եւ որի իրականացումն, իմ պատկերացմամբ, Հայաստանին հնարավորություն է տալու 21-րդ դար մտնել որպես