ամուր, բարգավաճող եւ խաղաղ պետություն։ Այն հիմնված է մեր անցյալի փորձի, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կառավարական ծրագրի եւ «Հանրապետություն միավորման» 1995 թվականի նախընտրական ծրագրի վրա։
Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության կառույցների ամբողջականացման գործ ընթացը, որի առաջնահերթ խնդիրներն են՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորումը եւ դատա-իրավական համակարգի վերափոխումը։
Խորացնել ժողովրդավարական հաստատությունների ձեւավորման, խոսքի, մամուլի ու խղճի ազատության ապահովման, բազմակուսակցականության եւ պառլամենտարիզմի ամրապնդման, քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման գործընթացը։ Հատուկ ուշադրություն դարձնել քաղաքական եւ հասարակական հավասարակշռության ապահովման խնդրին՝ որպես դրա անհրաժեշտ պայման դիտելով մի քանի խոշոր, արդիական կուսակցությունների գոյացումը։
Բարձրացնել գործադիր իշխանության մարմինների պատասխանատվությունը եւ աշխատանքի արդյունավետությունը, վերացնել վարչական ավելորդ օղակները, կրճատել պետական ապարատը՝ նրա թվակազմն աստիճանաբար համապատասխանեցնելով օպտիմալ անհրաժեշտության պահանջներին։
Կադրային քաղաքականության բնագավառում առաջնորդվել բացառապես արհեստավարժության, բարոյականության եւ աշխատանքային ունակության հատկանիշներով։ Պետական ապարատը համալրել երիտասարդ, հեռանկարային կադրերով։ Պայմաններ ստեղծել իշխանության մարմիններում կանանց համամասնական ներգրավվածությունն ապահովելու համար։
Օրակարգի հարց դարձնել մահապատժի վերացման խնդիրը։ Քրեական եւ քաղաքացիական նոր օրենսգրքերի ընդունմամբ ապահովել անձի իրավական պաշտպանվածությունը, քաղաքացիների գույքային իրավունքներն ու սեփականության անձեռնմխելիությունը։