Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր տնտեսության արդիականացումն է, տեխնոլոգիական վերազինումը, ներքին եւ արտաքին մասնավոր ներդրումների ներգրավումը։

Երրորդը ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումն է։ Ես չեմ ուզում գունազարդել վիճակը։ Եթե մենք լուծել ենք ազգային խնդիրներ, եթե մենք լուծել ենք գոյության խնդիրներ, եթե մենք լուծել ենք պետական անվտանգության խնդիրներ, ապա սոցիալական ոլորտում մենք բավականին ետ ենք մնացել։ Սա պետք է խոստովանել, չփնտրել արդարացումներ, չնշել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներ, այլ արձանագրել եւ խնդիր դնել այդ հարցերը լուծելու։ Մեր ժողովուրդը դեռեւս չի ապրում արժանապատիվ կյանքով։ Մեր ժողովուրդն արժանի է շատ ավելի մարդավայել, շատ ավելի քաղաքակիրթ կյանքի։ Եւ խնդրի լուծումը գերբնական ջանքեր չի պահանջում. խաղաղության պահպանման, մեր ժողովրդի անվտանգության ապահովման եւ տնտեսության զարգացման միտումների հետ այս խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն։

Եւ չորրորդ խնդիրը՝ մեր երկրում, մեր տանը, մեր ընտանիքում, որը ես համարում եմ մեր պետությունը, կարգուկանոնի հաստատումն է, օրինազանցությունների, կաշառակերության, բյուրոկրատական շահատակումների վերացումը։ Եւ հիմա ես համոզված եմ, որ մենք շատ ավելի մեծ հնարավորություններ ենք ունենալու զբաղվելու այս հարցերով, քան առաջ, երբ ստիպված էինք լուծել գոյության խնդիրներ։

Մենք կանգնած ենք կարեւոր իրադարձության՝ նախագահական ընտրությունների շեմին։ Թվում է, թե լուծվում է անձերի հարց. այս երկրում կա չորս մարդ, որ հավակնում է նստել նախագահական աթոռին։ Բայց արդյո՞ք մենք անձերի խնդիր ենք լուծում։ Մենք լուծում ենք մեր հաղթանակների պահպանման խնդիրը, մեր երկրի բարօրությունն ու հզորությունն ապահովելու խնդիրը։

Կա երկու ճանապարհ՝ մենք ընտրություն ենք կատարում երկու հնարավոր ճանապարհի միջեւ։ Մի ճանապարհը՝ խաղաղության ապահովման, մեր ժողովրդի անվտանգության պահպանման, մեր տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի քայլ առ քայլ բարելավման ճանապարհն է՝ առանց պատերազմների, առանց հեղափոխությունների, առանց տագնապների ու ցնցումների, որի ջատագովը ես եմ եւ իմ ընկերները, իմ բոլոր համակիրները։ Երկրորդ ճանապարհը, գաղտնիք չէ, բխում է մեր ժողովրդի այսօրվա ծանր սոցիալական վիճակից։ Այո,