Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ խոսվում է հրաշքների մասին, մոռացվում է, որ իսկական հրաշքն արդեն կայացել է, քանզի վերջին հարյուրամյակում քիչ նորանկախ պետությունների է հաջողվել այդպես սահուն անցնել առաջին տարիները. համարյա ամենուրեք եղել են անիշխանության պահեր, քաղաքացիական հաշվեհարդարներ, հեղաշրջումներ ու արյունալի ներքին բախումներ։

Ութ տարի շարունակ, սկսած ազգային-ազատագրական զարթոնքից մինչեւ այսօր, մեր ժողովուրդն, ըստ էության, որեւէ ճակատագրական սխալ թույլ չի տվել։ Մեր ժողովուրդն աշխարհին ապացուցեց, որ հիանալի օգտագործեց անկախության վերականգնման վերջին հնարավորությունը, մի բան, որ տեղի չունեցավ 1918–1920 թվականներին, երբ մեր հարեւաններն ավելի պատրաստ գտնվեցին իրենց անկախությանը, քան Հայաստանը։ Այսօր, սակայն, ճիշտ հակառակը, հա՛յ ժողովուրդն ավելի պատրաստ եղավ ունենալու իր սեփական պետությունը՝ դրանից քաղելով բոլոր ակնհայտ առավելությունները։

Անկախության առաջին հանգրվանին հայ ժողովուրդն ստիպված եղավ հիմնականում լուծել գոյության խնդիրներ՝ արցախյան պատերազմ, ազգային բանակի կայացում, երկրի սահմանների պաշտպանություն, շրջափակումների եւ էներգետիկ ճգնաժամի հաղթահարում, բռնագաղթյալների ապաստանում, տնտեսական գահավիժման սանձահարում եւ այլն։

Եւ չի կարելի ուրանալ, որ նա պատվով դուրս եկավ այդ բախտորոշ խնդիրների լուծման ահավոր փորձությունից՝ դրսեւորելով զոհաբերության, տոկունության, համբերության, զգաստության եւ հավասարակշռության անօրինակ սխրագործություն։

Անկախության առաջին տարիները, սակայն, միաժամանակ եղան հանրապետության տնտեսական անկման, ժողովրդի սոցիալական ծանր վիճակի, կրթության, մշակույթի, առողջապահության բնագավառների ետընթացի ժամանակաշրջան։

Ճիշտ է, ավելի քան երկամյա խաղաղությունը բերեց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, կենսական նշանակություն ունեցող առեւտրական գործունեության աշխուժացման, դրամաշրջանառության առողջացման որոշ դրական միտումներ, բայց, այնուամենայնիվ, մեր