Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժողովրդի կյանքը դեռեւս շատ հեռու է արժանավայել համարվելու շռայլությունից։

Ըստ այդմ, քանի որ, ինչպես ասվեց, անցյալ ժամանակահատվածում մեր ժողովուրդը հիմնականում լուծե՛լ է իր գոյությանն առնչվող խնդիրները, ապա առաջիկայում ավելի մեծ հնարավորություն է լինելու զբաղվել տնտեսության զարգացման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության բնագավառների բարեկարգման, օրինականության եւ կարգուկանոնի հաստատման հարցերով։

Դրա իրականացման համար, սակայն, անհրաժեշտ է պահպանել եւ ամրապնդել այն բոլոր նվաճումները, որոնք մեր ժողովուրդը ձեռք է բերել ամենաթանկ գնով. Պահպանել ու ամրապնդել խաղաղությունը, Արցախի ազատությունը, երկրի ներքին կայունությունը, ժողովրդավարության եւ տնտեսական բարեփոխումների գործընթացը։

Ժողովրդի բարեկեցության, երկրի բարօրության միակ պայմանը այդ արժեքների գնահատումն ու պահպանումն է։ Հակառակ դեպքում Հայաստանը չի կարող խուսափել իր գոյությանն սպառնացող նորանոր վտանգներից եւ բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացումից։

Սիրելի հայրենակիցներ,

Ես խորապես համոզված եմ, որ առաջիկա տարիները լինելու են շատ ավելի հեշտ, շատ ավելի անվտանգ, շատ ավելի ապահով, քան նախորդները։

Տարեցտարի առողջանալու է երկրի տնտեսությունը, բարելավվելու է ձեր կյանքը, ծաղկելու են կրթությունը, գիտությունը եւ մշակույթը։ Դուք հնարավորություն եք ստանալու ամբողջովին զբաղվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով՝ ապահովելու համար ձեր ընտանիքների բարօրությունն ու երջանկությունը։

Եղբայրներ, քույրեր, մեր հավերժական պետականության կայացման ճանապարհին վաղը դուք բռնելու եք մի նոր քննություն։ Ես ձեզ կոչ եմ անում միահամուռ մասնակցել այդ քննությանը, քվեարկել ձեր խղճի եւ հայրենասիրական գիտակցության թելադրանքով՝ ապահովելու համար մեր սուրբ Հայրենիքի մուտքը 21-րդ դար՝ որպես ամուր, բարգավաճող եւ խաղաղ պետություն։