Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան պարտքը եւ այդպիսի ակտիվությամբ մասնակցել երկրի ժողովրդավարացման կարեւորագույն գործընթացին։

Նորընտիր Նախագահին լուրջ խորհելու տեղիք պետք է տա բնակչության հենց այս խավի ցուցաբերած վերաբերմունքը, որն արժանի է հանգամանալից եւ սառը վերլուծության։ Այսօր, իհարկե, ես դեռեւս լիովին պատրաստ չեմ կատարելու այդ վերլուծությունը, բայց հարկ եմ համարում ներկայացնել որոշ նախնական եզրակացություններ։

Չեմ կարծում, թե ընտրությունների արդյունքների վրա էապես ազդել են գաղափարախոսական նկատառումները. թեեւ կոմունիստական եւ ծայրահեղ ազգայնական գաղափարները մեր հասարակության տարբեր շերտերում ունեն հավատավոր կողմնակիցներ, բայց դրանք իրականում մեծ թիվ չեն կազմում։

Ըստ երեւույթին, իշխանությունների նկատմամբ բնակչության բացասական հակազդեցության հարցում լուրջ դեր չեն խաղացել նաեւ նրանց վարած արտաքին քաղաքականությունը, արցախյան խնդրի կարգավորման ընթացքը եւ ազգային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը։

Իմ կարծիքով, ժողովրդի դժգոհության ավելի վճռական գործոններ են տնտեսական բարեփոխումների անխուսափելի ցավագին հետեւանքները, կադրային քաղաքականությունը, վարչամեքենայի անօրինականություններն ու կաշառակերության տարածված դրսեւորումները եւ մանավանդ՝ բնակչության չափազանց ծանր սոցիալական վիճակը։

Ահա այն պարարտ հողը, որում ընդդիմությունը կարողացավ փայլուն կերպով սերմանել իր քարոզչությունը՝ հասնելով հնարավոր առավելագույն արդյունքին։

Աչք փակել ճչացող իրականության դեմ՝ աններելի միամտություն կամ անպատասխանատվություն կլիներ։

Այո՛, մենք լիովին գիտակցել եւ չենք թաքցրել, որ ինչպես ամենուր, Հայաստանում եւս տնտեսական բարեփոխումները պետք է ծնեին բարդ սոցիալական խնդիրներ, որոնց լուծման բանալին այնուամենայնիվ այդ բարեփոխումների շարունակումն ու խորացումն է։ Բարեփոխումները ծանրագույն վիրահատություն են անգամ այնպիսի երկրների համար, որոնք չունեն աղետի գոտի, շրջափակումներ, հարյուր հազարավոր փախստականներ եւ արցախյան կնճիռ։