Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այո՛, պետության բոլոր կադրերը չեն, որ գտնվել են իրենց պաշտոնի բարձրության վրա եւ աչքի ընկել արհեստավարժությամբ, բարեխղճությամբ ու բարոյական նկարագրով։ Անօրինականություններն ու կաշառակերության դրսեւորումները հասել են հասարակական չարիքի աստիճանի։

Այո՛, չափազանց ծանր ու անմարդավայել է մեր ժողովրդի սոցիալական վիճակը. Շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է չքավորության սահմանից ցածր պայմաններում, հարյուրհազարավոր աղետյալներ ու փախստականներ դեռեւս օթեւանում են ժամանակավոր կացարաններում, ողորմելիորեն չնչին են աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, մեծ թիվ են կազմում աշխատազուրկները։

Կրկնում եմ, այս ամենը մենք ո՛չ թաքցրել ենք, ո՛չ էլ լռության մատնել, պարզապես պետք է խոստովանել, որ, ըստ ընտրության արդյունքների, մեր փաստարկներն ու ծրագրերը ժողովրդի մի մասի համար անհասկանալի են մնացել։ Եթե անգամ ժողովուրդը գիտակցել է, որ սոցիալական խնդիրների լուծումը հրաշքով տեղի չի ունենալու, այլ աստիճանաբար ու քայլ առ քայլ, ըստ երեւույթին իշխանությունների ծրագրերում նա բավարար մտահոգություն չի տեսել դրանց նկատմամբ։

Ինչեւէ, ընտրությունները կայացել են, եւ ես երկրորդ անգամ ստացել եմ ձեր վստահության քվեն, որը ես հակված եմ դիտելու ոչ այնքան որպես իմ նախորդ գործունեության գնահատական, որքան որպես կանխավճար՝ ժողովրդի սպասելիքներն ու ակնկալիքները հատուցելու համար։

Ուզում եմ հավատացնել, որ այս ընտրություններում շահած շուրջ 52 տոկոսը ես ավելի թանկ եմ գնահատում, քան նախորդ ընտրությունների 83 տոկոսը, որովհետեւ 1991 թվականին ես հաղթել եմ ազգային-ազատագրական շարժման ռոմանտիկ ալիքի վրա, իսկ այս անգամ՝ հասուն ժողովրդավարական հասարակության կամքի արտահայտության շնորհիվ։

Ճիշտ է, որոշ ծայրահեղական ուժերի արկածախնդրության պատճառով ստվեր գցվեց ընտրությունների վրա, եւ մեր պետությանն ու ժողովրդին բարոյական ծանր հարված հասցվեց, բայց դրանից ազգային ողբերգություն չպետք է սարքել։ Կարեւորն այն է, որ ժողովրդի ու նույնիսկ ցուցարարների մեծամասնությունը չմատնվեց կազմակերպված սադրանքին, եւ մեր իրավապահ մարմինների հստակ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ կանխվեց արյունահեղությունն ու արագորեն վերականգնվեց երկրի անդորրը։