Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանը բարձր է գնահատում իր անդամակցությունը ԵԱՀԿ-ին։ Մենք շատ բան սովորեցինք՝ ջանալով մեր ավանդը ներդնել համաեւրոպական ինտեգրացմանն ուղղված շարժման մեջ։ Այդ գործընթացներին մասնակցությունը լուրջ ջանքեր եւ պատասխանատվություն պահանջող պարտավորություններ է դնում մեզ վրա։ Սակայն, այդ պարտավորությունները բնականորեն համապատասխանում են մեր շահերին ու նպատակներին եւ ազատ ընտրության հետեւանք են հանդիսանում։

Բուդապեշտյան գագաթնաժողովը ԵԱՀԿ-ի ինստիտուցիոնալ փոխակերպման եւ եւրոպական անվտանգության նոր համակարգի մոդելի վրա աշխատելու անհրաժեշտության վերաբերյալ կարեւոր որոշումներ ընդունեց։ Այսօր նշված երկու ուղղություններով մենք կարող ենք ակնհայտ առաջընթաց արձանագրել։ ԵԱՀԿ-ն իր ուրույն ավանդը ներդրեց անվտանգության հիմնահարցերի պատկերացումներում։ Այն չի սահմանափակվում ռազմական հարցերի շրջանակներում, այլ դրանք ներառում է հասարակական, քաղաքական, տնտեսական եւ այլ հարցերի ընդհանուր համատեքստի մեջ։

Այդ հայեցակերպն իր արտահայտությունն է գտնում ինչպես Եւրոպայի ընդհանուր եւ համապարփակ անվտանգության համակարգի ստեղծման մեր համատեղ ջանքերում, այնպես էլ հակամարտությունների վաղօրոք կանխման, կարգավորման եւ դրանց հետբախումային վերականգնման ուղղությամբ գործադրվող կոնկրետ քայլերում։

Մեր ընդհանուր անվտանգության ապահովման կարեւորագույն ուղղությունը Եւրոպայում սովորական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի կատարելագործումը, համապատասխանեցումն ու իրագործումն է։ Այդ գործընթացը էապես համալրվում է անվտանգության բնագավառում համագործակցության Համաժողովի փաստաթղթերով նախատեսված եւ յուրաքանչյուր կոնկրետ կոնֆլիկտի դեպքում մեծ հնարավորություններ ընձեռող մեխանիզմների կատարելագործմամբ։

Արդյունավետ են գործում ներկայացուցչությունները եւ հատուկ ստեղծված մյուս կառույցները։ ԵԱՀԿ-ն Եւրոպայում ներկա է ամենուր, որտեղ հակամարտություններ կան։ Դրանք են Բոսնիան, Չեչնիան, Լեռնային Ղարաբաղը եւ այլն։