Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Հայաստանը շահագրգռված է համակողմանի բարեկամական հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ, թեեւ, առայժմ կան լուրջ տրանսպորտային դժվարություններ, որոնք խոչընդոտում են տնտեսական համագործակցության ծավալմանը։ Ի տարբերություն մի շարք հանրապետությունների, Հայաստանն անկախության հինգ տարիների ընթացքում որեւէ առճակատում չունեցավ Ռուսաստանի հետ։ Հակասովետական տրամադրություններն այստեղ չվերածվեցին հակառուսական տրամադրությունների, ինչպես տեղի ունեցավ այլ վայրերում։

― Ինչպե՞ս կվերլուծեք Չեչնիայի պատերազմը։ Արդյոք հնարավո՞ր էր դրանից խուսափել։ Խաղաղության համաձայնագիրն արդյո՞ք տեւական է։ Հակամարտությունը հետեւանքներ կթողնի՞ ամբողջ Կովկասի համար։

― Պատշաճը մատուցելով չեչեն ժողովրդի մարտական ոգուն, ես այն կարծիքին եմ, որ Ռուսաստանը պատերազմը տանուլ տվեց ոչ թե Չեչնիայում, այլ բուն Ռուսաստանում։ Ռուս ժողովուրդն ու Ռուսաստանի դեմոկրատական ուժերն էին, որ մերժեցին այդ պատերազմը։ Խաղաղության պայմանագիրն այս իրողության տրամաբանական արդյունքն էր, այդ պատճառով, կարծում եմ, այն կունենա տեւական բնույթ։ Իրադրության կայունացումը Չեչնիայում, անշուշտ, կնպաստի ողջ Կովկասի իրավիճակի բարելավմանը։

― Ամերիկյան օգնությունը Հայաստանին ցույց է տալիս Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը ձեր երկրի նկատմամբ։ Կարո՞ղ են նրանք ավելի առաջ գնալ՝ գործադրելով իրենց ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

― Չժխտելով Հայաստանին հատկացված ամերիկյան օգնության կարեւոր դերը՝ մենք միաժամանակ սառնասրտորեն գիտակցում ենք, որ ԱՄՆ-ն ավելի շատ շահեր ունի Ադրբեջանում, քան Հայաստանում։ Դա կապված է մի կողմից՝ Ադրբեջանի նավթային հարստությունների, մյուս կողմից՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի դաշնակցային պարտավորությունների հետ։

Բոլոր դեպքերում, սակայն, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը մենք չենք պատկերացնում առանց Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եւրոպայի սերտ համագործակցության։