Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Տարածաշրջանում խաղաղություն ձեռք բերելուց հետո արդյո՞ք կկայանա անդրկովկասյան տարածաշրջանային համագործակցությունը։ Ինչպիսի՞ ձեւեր այն կարող է ունենալ։

― Անդրկովկասյան տարածաշրջանային համագործակցությունը ես համարում եմ միանգամայն ռեալ, որովհետեւ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը միմյանց համար եղել եւ մնում են ամենաբնական տնտեսական գործընկերներ։ Հայաստանը հրաշալի հարաբերություններ ունի Վրաստանի հետ։ Վերջինս իր հերթին նույնպիսի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ կվերանա նաեւ հայ-ադրբեջանական հակասությունը, եւ անդրկովկասյան համագործակցությունը ձեռք կբերի գործնական հեռանկար։

― Պարոնայք Ալիեւի եւ Շեւարդնաձեի հետ ստորագրելով Եւրոհամայնքի հետ գործընկերության համաձայնագիր, Դուք հույս արտահայտեցիք Եւրոպայի հանդեպ։ Եւրոպայի ավելի ակտիվ մասնակցությունը ձեր տարածաշրջանում արդյո՞ք ցանկալի է։ Ինչպիսի՞ տեղ այն կարող է ունենալ։

― Անդրկովկասյան պետությունների ինտեգրացումը եւրոպական կառույցներում ես համարում եմ կարեւոր պայման ոչ միայն նրանց բնականոն զարգացման, այլեւ տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսակետից։ Եւ ընդհանրապես, ես կարծում եմ, որքան ավելի շատ միջազգային պարտավորություններ ստանձնեն նորանկախ պետությունները, այնքան ավելի չափավոր եւ հավասարակշռված կլինի նրանց քաղաքականությունը։ Հետեւաբար, ես նույնքան կարեւոր ու ցանկալի պետք է համարեմ Եւրոպայի ակտիվ ներգրավումը անդրկովկասյան տարածաշրջանում։

― Եւրոպայի եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության համաձայնագիրը կարո՞ղ է ենթադրել Եւրամիության եւ Հայաստանի կամ Անդրկովկասի միջեւ ազատ փոխանակման համաձայնություն։

― Հայաստանը շուտով կդառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, որի շրջանակներում էլ մենք տեսնում ենք ձեր նշած հարցերի լուծումը։